16.05.2018 16:00

«Օլիմպիկ» Մարսել – «Ատլետիկո» Մադրիդ. Խաղից առաջ

 «Օլիմպիկ» Մարսել – «Ատլետիկո» Մադրիդ. Խաղից առաջ

 «Օլիմպիկ» Մարսել – «Ատլետիկո» Մադրիդ. Խաղից առաջ

Եվրոպայի լիգա, եզրափակիչ, չորեքշաբթի, մեկնարկը՝ 22:45,  Լիոն, «Ստադ Դը Լիոն» մարզադաշտ

Մրցավար՝ Բյորն Կույպերս

Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը տեղի կունենա  այսօր, «Ստադ Դը Լիոն» մարզադաշտում: Միմյանց դեմ դուրս կգան Մադրիդի «Ատլետիկոն» ու Մարսելի «Օլիմպիկը»:

Այս մրցաշրջանի սկզբին ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ խոչընդոտներով լի ճանապարհ անցած և դեռևս 3-րդ ընտրական փուլում 2 ցավալի պարտություն կրած Մարսելի թիմը եզրափակիչ հանդիպման մասնակիցներից մեկը կլինի:  «Մոնակոյի» հետ արտագնա խաղում ջախջախիչ պարտություն կրելուց հետո (1:6), Ռուդի Գարսիայի թիմը սեփական հարկի տակ 1:3 հաշվով զիջեց նաև «Ռեն»-ին: Այս անհաջողությունների շարքը անչափ հիասթափեցրեց թիմի ֆանատներին, որի պատճառով էլ առաջին տուրի՝ «Կոնյասպորի» հետ հանդիպմանը եկել էր ընդամենը 8649 երկրպագու այն դեպքում, երբ մարզադաշտն ունի 67 հազար նստատեղ: Ի դեպ, սա 21-րդ դարում գրանցված դեռևս ամենացածր ցուցանիշն է:  Դատարկ տրիբունաների ցուցապաստառներում արտացոլված էր ոչ միայն գլխավոր մարզչի՝ Ռուդի Գարսիայի հրաժարականի պահանջը, այլև դժգոհությունը ակումբի ամերիկացի սեփականատեր Ֆրենկ Մակորտից և նախագահ Ժակ Անրի Էյրոյից:

Բարեբախտաբար, այդ ամենն արդեն անցյալում է, այսօր «Օլիմպիկն» իր լավագույն մարզավճակում է և շատ հաճելի է դիտել թիմի խաղը, մասնավորապես այն ժամանակ, երբ թիմն ազատ է իրեն զգում խաղադաշտում,  այնպես, ինչպես «Լայպցիգի» հետ քառորդ եզրափակչի պատասխան խաղում: Անկասկած, ֆրանսիական թիմը հանդիպման ֆավորիտը չէ, բայց մտադիր է պատմություն կերտել և կարող է անակնկալ մատուցել, հավանաբար, Դիմիտրի Պայետի և Տովենի օգնությամբ:

Դժվար էր կանխատեսել նաև այն, որ եզրափակչում հանդես կգա «Ատլետիկոն», սակայն բոլորովին այլ պատճառներով: «Ներքնակավորները» եվրագավաթային հանդիպումները սկսեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն անսպասելիորեն «Չելսի»-ից և «Ռոմա»-ից հետո զբաղեցրին 3-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով միայն ադրբեջանական «Ղարաբաղից»: Ի դեպ, այս թիմի հետ Սիմեոնեի տղաները 2 հանդիպումներում էլ գրանցեցին ոչ-ոքի արդյունք: Այնուհանդերձ, հայտնվելով Եվրոպայի լիգայում, որի հաղթողն էր դարձել 2 անգամ, «Ատլետիկոն» չփորձեց հանդիպումներին մատների արանքով նայել և մշտապես խաղադաշտ դուրս եկավ  մարտական կազմով ու բարձր տրամադրությամբ: Եվրոպայի լիգայում հաղթանակը մադրիդցիների համար շատ կարևոր իրադարձություն կարող է դառնալ և հարցն ամենևին էլ այն չէ, որ մարզիչը պետք է փրկի ձախողված մրցաշրջանը:  Ընդհակառակը, Սիմեոնեի գալու հետ մեկտեղ, ակումբը իսպանական ֆուտբոլում  ամրապնդեց «3-րդ ուժի» իր տեղը  և մրցաշրջանի ավարտից  մեկ տուր առաջ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով «Ռեալից» 3 միավորով: Այնուհանդերձ, ներքնակավորները տիտղոս են նվաճել 4 տարի առաջ: Այդ օրվանից թիմի կազմը երիտասարդացել է և առաջատար դիրքեր են զբաղեցնում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սաուլը Նյիգեսը, Կոկեն, Անտուան Գրիզմանը, Խոսե Խիմենեսը, Լուկաս Էրնանդեսը, Յան Օբլակը և մյուսները:  Նոր սերունդը դեռևս գավաթը չի բարձրացրել իր գլխավերևում և այսօրվա հաղթանակը նրանց համար լրացուցիչ ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ:

Սիմեոնեն և իր թիմը նմանատիպ խաղերի մեծ փորձ ունեն, չնայած որ վերջին եզրափակիչները հաջող չէին թիմի համար: Այնուհանդերձ, «Ատլետիկոյի» խաղաոճը և ագրեսիվ ֆուտբոլը կարող է անհաղթահարելի լինել մարսելցիների համար:

Ռուդի Գարսիա, «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ

«Մեր հաղթելու հնարավորությունը շատ փոքր է, բայց մենք պատրաստվում ենք օգտագործել այն: «Ատլետիկոյի» հետ խաղը մեծ իրադարձություն է մեզ համար: Սա այն թիմն է, որը վերջին չորս տարում երկու անգամ խաղացել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակչում և ոչ վաղ անցյալում հաղթել է Եվրոպա Լիգայի խաղարկությունում: Բայց, քանի որ եզրափակիչը Ֆրանսիայում է, ըստ այդմ մեզ համար այս խաղը փայլուն հնարավորություն է: Ոչ մի ֆրանսիական թիմ այս մրցաշարում չի հաղթել և շատ լավ կլինի, եթե մենք լինենք առաջինը»:

Դիեգո Սիմեոնե, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ

«Ամեն ինչ պատրաստ է մեծ եզրափակչի համար: «Մարսելը» առաջադիմել է, թիմի մարզիչը բավական փորձառու է և շատ տարբերակներ ունի: Ֆրանսիացիները շատ վտանգավոր են, մասնավորապես կիսապաշտպանությունում և հարձակման գծում: Անկասկած, շատ ծանր հանդիպում է լինելու: Մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում և փորձեցինք հնարավորինս լավ հանդես գալ Եվրոպայի Լիգայում: Մեզ ի սկզբանե համարում էին մրցաշարի ֆավորիտ, և այժմ եզրափակչում ենք»:


Թիմերի հավանական մեկնարկային կազմերը

«Օլիմպիկ» Մարսել.  Մանդանդա, Սակաի, Ռամի, Լուիզ Գուստավո, Ամավի, Անգիսա, Սանսոն, Տովեն, Պայետ, Օկամպոս, Ժերմեն

«Ատլետիկո» Մադրիդ.  Օբլակ, Վրշալկո, Խիմենես, Գոդին, Լուկաս, Կոկե, Սաուլ Նյիգես, Գաբի, Կորեա, Գրիզման, Կոստա

Թիմերի վերջին հանդիպումները

«Գենգամ» – «Օլիմպիկ»` 3:3 (Գրենյե 42, 52, 11մ, Բրիան 70, 11մ; Ժերմեն 2, Տովեն 14, 81)

Հյուրերը հաղթում էին 2:0 հաշվով, տանտերերը հավասարեցրեցին հաշիվը: Այնուհետև դաշտից հեռացվեց դարպասապահ Սթիվ Մանդանդան և «Մարսելին» ոչ-ոքին պարգևեց Տովենը, որը խփեց իր 26-րդ գոլը առաջնությունում:

«Խետաֆե» – «Ատլետիկո»` 0:1 (Կոկե 8)