17.05.2018 13:25

Միկել Արտետան՝ «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածու

Միկել Արտետան՝ «Արսենալը» գլխավորելու հիմնական թեկնածու

Լոնդոնի «Արսենալը» կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուի հարցում։

The Guardian-ի համաձայն՝ Արսեն Վենգերին փոխարինելու գլխավոր թեկնածուն է «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում աշխատող իսպանացի Միկել Արտետան: 36-ամյա իսպանացին 2011-2016-ը հանդես է եկել «Արսենալում»։

«Արսենալը» գլխավորելու մյուս թեկնածուների հետ բանակցությունները հաջող չեն ընթացել։ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեծ դերակատարում է պահանջել տրանսֆերների հարցում, իսկ ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան «Արսենալի» ղեկավարությունից ստացած զանգը համարել է ձեւականություն։

Միկել Արտետան 2016-ից է աշխատում «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում։ Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել էր, որ չի խոչընդոտի իսպանացու հեռանալուն։

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորում է 68-ամյա Արսեն Վենգերը, որն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից: Ֆրանսիացի մասնագետը  «Արսենալի» հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում), սակայն նա երբեք չի հաղթել եվրագավաթներում:Նրան է պատկանում Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (828 հանդիպում):