17.05.2018 11:00

Կնեսետում օրինագիծ է ներկայացվել հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ

Կնեսետում օրինագիծ է ներկայացվել հայերի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ

«Սիոնիստական ճամբարից» կնեսետի պատգամավոր Իցիկ Շմուլին և պատգամավոր Ամիր Օհանան հայտարարել են, որ մտադիր են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել օրինագիծ՝ հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Պատգամավորների խոսքով՝ եկել է Հայերի ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը, մի քայլ, որից մինչ այժմ խուսափել է Իսրայելը՝ չցանկանալով վտանգել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, հաղորդել է The Jerusalem Post-ը:

Ինչպես նշել է Իցիկ Շմուլին, իրենք մտադիր չեն բարոյականության խրատնել լսել հակասեմիտ Էրդողանից, որն ամեն օր ռմբակոծում է քրդերին Սիրիայի հյուիս-արևելքում, և որի երկիրը «պատասխանատու է հայ ժողովրդի գենոցիդի  և սիրիացիների հանդեպ գործած գազանությունների համար»:

Իր հերթին՝ Ամիր Օհանան ընդգծել է, որ երբեք ուշ չէ խոսել արդարության մասին: «Ժամանակն է պաշտոնապես ճանաչել հայերի նկատմամբ սոսկալի անարդարությունը»,- հայտարարել է նա:

Շմուլին հիշեցրել է Հիտլերի խոսքերը, երբ վերջինս հրահանգ է տվել ոչնչացնել Լեհաստանի հրեաներին. «Ո՞վ է այսօր հիշում հայ ժողովրդի ոչնչացումը»,- այն ժամանակ ասել է Հիտլերը: Շմուլիի խոսքով՝ դա միակ պատճառը չէ, որ «մենք այսօր պարտավոր ենք պաշտոնապես ճանաչել հայ ժողովրդի ոչնչացումը»:

2016 թ. փետրվարին կնեսետը մերժել էր այն օրինագիծը, որ վերաբերում էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածները պետական մակարդակով ցեղասպանություն ճանաչելուն:

Դիվանագիտական աղբյուրները, սակայն, նշում են, որ սա բավական նուրբ հարց է, և Ցեղասպանությունը ճանաչելու կամ չճանաչելու հարցը որոշելու է վարչապետ Նեթանյահուն: Իսրայելի ԱԳՆ-ն մեկնաբանություններից հրաժերվել է: