17.05.2018 13:55

Փաշինյան. Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ եւ քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ

Փաշինյան. Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ եւ քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ

Այսօր կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել կառավարության շենքի մոտ բողոքի ցույցեր անող քաղաքացիների հետ, զրույցել ինչպես նրանց, այնպես էլ՝ լրագրողների հետ:

Ի թիվս այլ հարցերի, Փաշինյանն անդրադարձել է նաեւ «Սասնա Ծռերի» ազատման, եւ նրանց կողմնակիցների կողմից Արշակունյաց փողոցը փակելու ակցիային, որով վերջիններս պահանջում են ազատ արձակել «Ծռեր»-ին:

Փաշինյանն ասել է, որ եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ինքը պետք է մտնի եւ քրեակատարողական հիմնարկի դռները բացի, դա ճիշտ մոտեցում չէ:

Ըստ Փաշինյանի, պետք է շատ հստակ ձեւակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամեն ինչը, որովհետեւ ինքն արդեն հստակ իր դիրքորոշումներն արտահայտել է հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։

«Ամենավատն այն վիճակն է, երբ որ ձեւակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան։ Էլի եմ ասում, եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ եւ քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ կան ընթացակարգեր, կան մարմիններ, կան իրավիճակներ, եւ բոլոր հարցերը պետք է այդպես լուծվեն», - նշել է Փաշինյանը։