17.05.2018 18:09

Լիզա Ճաղարյան. ՀՀԿ-ի հետին խելքը

Լիզա Ճաղարյան. ՀՀԿ-ի հետին խելքը

Ժողովրդական լեզվով ասած՝ քեֆս բերում են ԱԺ հանրապետականները։

Իշխանափոխությունից հետո մեկ-մեկ են խոսում, բայց հո՜ չեն խոսում։ Գունատ, բայց լուրջ դեմքով հո չեն վերլուծում, թե նոր իրավիճակն ինչ վտանգներով է հղի, ո՛ր դեպքում քաոս կլինի, ո՛ր դեպքում՝ նոր կառավարությունը կձախողվի։ Չափավոր գնահատականներով, զգուշորե՜ն, նրբանկատորե՜ն։

Թե այդ ամենի տակ ինչ կա, այլ հարց է։ Թե գառան կերպարանքով ներկայանալով՝ ինչեր են մտմտում գլուխ-գլխի հավաքվելիս, սա էլ է այլ հարց։

Փաստն այն է, որ այս կուսակցության որոշ անդամներ ունակ են վերլուծություններ անել, ունակ են տեսնել, թե ինչին ինչ կարող է հետեւել վերջին իրադարձություններից հետո, եթե, օրինակ, նորերը չհաջողեն ինչ-ինչ բաներ։

Հետաքրքիր է, այս նույն մարդիկ, որ հիմա այսպես տեսնում են վտանգները, հոդաբաշխ եւ մանկան աշխուժությամբ հասարակությանն են հրամցնում իրենց «ազնիվ տագնապները» (դե, սիրո եւ համերաշխության մթնոլորտում մենք նաեւ պարզեցինք, չէ՞, որ հանրապետականները՝ մեծից փոքր, ինչ արել են, արել են հանուն պետության, որովհետեւ իրենք շատ-շա՛տ պետական մտածողություն ունեն), ե՛ւ Քոչարյանի օրոք, որին ծառայում էին անմռունչ, ե՛ւ Ս. Սարգսյանի օրոք, որին ծառայում էին եւ դեռեւս ծառայում են անմռունչ, ինչու՞ չէին տեսնում երկրի առջեւ ծառացած վտանգները։

Եվ ի դեպ՝ արդեն իրականություն դարձած վտանգները, ոչ թե՝ հնարավո՛ր վտանգները։

Եվ եթե չէին տեսնում այն ապօրինություններն ու բեսպրեդելը, եթե չէին տեսնում զարհուրելի չափերի հասնող թալանն ու կոռուպցիան, եթե չէին տեսնում իրավական համակարգի ստրկական վիճակը, եթե չէին տեսնում ազգային անվտանգությանը վտանգող արտագաղթը, եթե չէին տեսնում Հայոց բանակում զինվորի արհամարհված վիճակը, եթե չէին տեսնում, որ Հայաստանի հասարակությունն առհասարակ չի ժպտում, բոլորի դեմքերից հուսալքություն է կաթում, չէ՝ հոսում, հիմա սրանց անսպասելի «պայծառատեսությունը» քանի՞ լումա արժե։

Լռեք, հա՞։

Եթե, իհարկե, ամոթի նշույլ դեռ մնացել է ձեր մեջ։