18.05.2018 12:42

Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է. Պաշտոնական

Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է. Պաշտոնական

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում երեկ թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտալացվել է:

Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ըստ նախարարության, այսօր կլինեն դուրսգրումներ:

Երեկ ժամը 22։00-ի դրությամբ Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ 64 աշխատակից դիմել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններ։

Ըստ առողջապահության նախարարության, հիվանդները գանգատվել են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից:

Նախարարության նախնական վարկածով «գործ ունենք սննդային թունավորման հետ: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ հավի մսով: Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից»:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից: