22.09.2012 17:23

Կլիչկոն մնացել է առանց մարզչի

Կլիչկոն մնացել է առանց մարզչի

Գերծանրքաշային կարգի երեք վարկածներով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն հերթական մենամարտին կսկսի նախապատրաստվել առանց իր ամերիկացի մարզիչ Էմանուել Ստյուարդի:
68-ամյա մարզիչի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Վերջերս նա վիրահատվել է, եւ մոտակա ժամանակները քիմիաթերապիայի կուրս պետք է անցնի, հաղորդում է գերմանական Bild-ը:
Կլիչկոն աշխարհի չեմպիոնի կոչումը կպաշտպանի նոյեմբերի 10-ին Գերմանիայում: Նրա մրցակիցը կլինի լեհ Մարիուշ Վախը: Նախապատրաստական հիմնական փուլը Կլիչկոն կսկսի հոկտեմբերին, ավստրիական Գոինգ քաղաքում: Դեռեւս պարզ չէ, թե կկարողանա արդյոք Ստյուարդը մասնակցել հավաքներին: Նրա բացակայությամբ Կլիչկոն աշխատելու է երկրորդ մարզիչ Ջեյմս Ալի-Բաշիրի եւ ֆիզպատրաստականության մարզիչ Ալդո Վետերեի հետ:
«Ես խոսել եմ Էմանուելի հետ եւ նրան հաջողություն մաղթել: Հուսով եմ, որ նա կապաքինվի եւ կշարունակի ինձ հետ աշխատել»,- ասել է Վլադիմիրը:
Նախկինում Ստյուարդը աշխատել է այնպիսի հանրահայտ բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են բրիտանացի Լենոքս Լյուիսը, ամերիկացի Մայք Թայսոնը եւ Էվանդեր Հոլիֆիլդը: