18.05.2018 13:32

ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։

Ըստ ԱԳՆ փոխանցման, Կասպրչիկը շնորհավորել է նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման արդյունքները։

Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ այս առումով կարեւորելով նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա աշխատանքային ծրագրերին։ 

Հիշեցնենք, որ դրանից մեկ օր առաջ էլ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ:

Ի թիվս այլ հարցերի, զրուցակիցները անդրադարձել էին «ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին` նախարար Մնացականյանը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում Ամերիկայի Միացյալ Նահանգներիարժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»: