18.05.2018 17:15

Կարպիս Փաշոյան. Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է

Կարպիս Փաշոյան. Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է

Քաղաքացի Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքում գրում է.

Առաջին նախագահի հոդվածներում անհանգստություն է նշմարվում: Նա մտահոգված է պետության հետագա ճակատագրով ու առանց կաշկանդվելու բարձրաձայնում է դրա մասին: Ես չափազանց բարձր եմ գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի այս հստակ դիրքավորված կեցվածքը, ավելին՝ համոզված եմ, որ այս պարագայում անձերը նրա համար չնչին նշանակություն ունեն, նա չի էլ հիշում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ժամանակին լրջագույն տարաձայնություններ է ունեցել: Ընդհակառակը կոնֆլիկտային փոխհարաբերությունները մի կողմ թողած՝ փորձում է աջակցել ու նեցուկ լինել նրան, որովհետև գոնե այս փուլում Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդումը ուղղակիորեն բխում է հանրապետության շահերից: Այլընտրանքը հետհեղափոխական քաոսն է՝ անսանձ ռևանշիզմի ու հակահեղափոխության իրական սպառնալիքով:

Ու իսկապես զավեշտալի տպավորություն են թողնում բոլոր այն մարդիկ, որոնք այս աջակցության մեջ ինչ-որ դավադրություններ են փնտրում: Նույնիսկ չեն էլ փնտրում, այլ՝ միանգամից գտնում: Դուք պապիին լավ չեք ճանաչում: Նա թքած ունի բոլորիս վրա, նրան միայն հետաքրքիր է Հայաստանի կայունությունն ու Ղարաբաղի անվտանգությունը՝ ակադեմիական հետաքրքրությունները չհաշված: Իսկապես նա թքած ունի և՛ իրեն պաշտողների, և՛ իրեն ատողների վրա, բոլորը հոգնեցրել են նրան: Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը անուղղելի պետականամետ է:

Վստահ եմ, նա չափազանց ուրախ է այս հեղափոխության հաղթանակով: Ասում են, թե նա այս ակտիվությամբ փորձում է գործունեության տիրույթ ապահովել Կոնգրեսի համար: Միգուցե կոնգրեսականները չհամաձայնվեն վիճահարույց թվացող այս պնդման հետ, բայց Կոնգրեսը նույնպես Պապիին չի հետաքրքրում: Եթե հետաքրքրեր, ապա նա հանուն Ղարաբաղյան հակամարտության՝ խորհրդարանական ընտրություններում չէր զոհաբերի այդ կառույցի վարկանիշը:

Պապին իսկապես խոշոր քաղաքական գործիչ է ու միշտ իր արժանի ու պատվավոր տեղը կունենա Հայաստանի քաղաքական համակարգում: Նույնիսկ չափազանց խորհրդավոր է թվում. Ծիծեռնակաբերդի անհասանելի բարձունքից նա խոսում և երկխոսում է բոլորի հետ, խորհուրդներ է տալիս ու նույնիսկ հողին հավասարեցնում ինչ-որ երիտասարդի քաղաքական ողջ կապիտալը, որը կուտակվել էր հազիվ՝ կաթիլ առ կաթիլ:

Լևոն Տեր-Պետրոսյանի փոքրիկ, բայց հավերժ բարեկամ Կարպիս Փաշոյան: