18.05.2018 22:20

Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում. Ցուցահանդես

Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում. Ցուցահանդես

Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը հետաքրքիր ցուցադրությամբ է անդրադարձել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին:

Մեզ հետ զրույցում թանգարանի տնօրեն Վահագն Մամյանը պատմեց, որ թանգարանի հիմնական ցուցադրությունը համալրվել է Դեմիրճյանի օրագրերով եւ ներկայացվել հանրությանը «Ղարաբաղյան շարժման պատմությունը Կարեն Դեմիրճյանի օրագրերում» խորագրով։ Երկրորդ ցուցադրությունը բացվել է թանգարանի բակի ամառային ցուցասրահում` «Ղարաբաղյան շարժման պատմությունը լուսանկարներում» խորագրով:

Երկու ցուցահանդեսներն էլ ուղեկցվում են վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ:

Առաջին ցուցադրությունը նորություն է եւ հասարակության լայն շրջանակներին ներկայացվում է առաջին անգամ: Մինչ այժմ թանգարանի ֆոնդում պահվող օրագրերի բովանդակությանը ծանոթ են եղել միայն թանգարանի աշխատակիցները:

Դրանցում Կարեն Դեմիրճյանի գրառումներն են` սկսած 1988 թվականի փետրվարի 17-ից. Շարժման մեկնարկից հետո յուրաքանչյուր օր Դեմիրճյանը գրառումներ է արել իր օրագրերում այն մասին, թե այդ օրն ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, ում հետ է հանդիպել, ինչ են խոսել, ինչ աշխատանքներ են տարվել:

«Ամեն ինչ արձանագրվել է: Դա իրադարձությունների վերաբերյալ փաստագրական սկզբնաղբուր է»,- ասում է Մամյանը:

Նրա խոսքով, օրագրում այնպիսի հետաքրքիր տեղեկություններ կան, որ իրենք որոշել են նաեւ հետագայում գիրք կազմել եւ ամբողջությամբ հրապարակել:

Ըստ նախնական որոշման, օրագրային գրառումները կցուցադրվեն մինչեւ հուլիսի 1-ը: