19.05.2018 20:18

Արսեն Գրիգորյան. Հեղափոխությունն ու հակահեղափոխությունը

Արսեն Գրիգորյան. Հեղափոխությունն ու հակահեղափոխությունը

Հեղափոխությունը քարացած իրականությունը վերածում է քաոսի, հետո սկսում է այն հավաքել իր դեմքով: Այդ իրականության մեջ մարդիկ չեն փոխվում, բայց դառնում են ուրիշը:

Հանրապետական ուսուցչուհուն չի փոխարինում ոչ հանրապետականը, նույն ուսուցչուհին է, բայց այլեւս հանրապետական չէ: Նրա մեջ որոշ ժամանակ դեռ պահպանվում է նախկին կյանքով ապրելու իներցիան, նրա գիտելիքները, մեթոդը դեռեւս «նախկին կյանքի» իներցիան են կրում, բայց նա տեսնում է, որ աշխարհն այլեւս նախկինը չէ: Սա ինչ-որ իմաստով անհարմարավետ է դարձնում նրա կյանքը: Բայց հեղափոխությունն ամենուր է եւ նա պետք է սովորի խաղի նոր կանոններին: Պետք է սովորի, եթե ուսուցչի կոչումն անխախտելի է: Սա կատակ բան չէ:

Հեղափոխությունը կոկորդից բռնելու հատկություն ունի: Նրա ամենապակաս տուժողը նախկին իշխանությունն է, նրան հրահանգված չէ հարմարվել խաղի նոր կանոններին, որովհետեւ նա ունի գաղափարախոսություն, ասենք, նժդեհական, եւ ունի կառավարման իր մշակույթը: Եթե դա քննություն չի բռնել, պետք է սպասի հարմար պահին, երբ նորերը կձախողվեն: Իր քաղաքական խորամանկության հրամայականներից է խաղալ նոր իրականության կանոններով, բայց ոչ ոք նրան չի կարող դատապարտել նախկին կանոնների համար, եթե, իհարկե, նորընծա ընդդիմադիրն այս կամ այն կերպ թափախված չէ քրեական կամ կոռուպցիոն որեւէ դեպքի մեջ: Հեղափոխությունն այնպիսի ծառ է, որի վրայից բոլորն ուզում են քաղել իրենց իմացած մրգերը: Դիցուք, «Սասնա ծռերն»՝ իրենց արարքի պտուղները, նախկին ընդդիմադիրներն՝ իրենցը, նույնիսկ լրագրողներն են «փայաբաժնի» հավակնում: Դա հեղափոխության ձեռագիրն է, որովհետեւ բոլորն են հերոս, նույնիսկ հեռացողները, որոնք չեն խանգարել: Նոր իշխանության գործն է բոլորին, այսպես ասած, դնել իրենց տեղը, հիշեցնելու, որ իրենց խնդիրը նոր մարդու ծնունդը չէ, այլ՝ նոր իրականության: Մարդը փոփոխությունը պետք է տեսնի ամենուր, նա պետք է դուրս գա հասկանալով, որ նախորդ իրականության օդն այլեւս այս աշխարհում չկա:

Հակահեղափոխության ձեռագիրը հաճախ ոչնչով չի տարբերվում հեղափոխության ձեռագրից: Եվ պարտադիր չէ, որ դա լինի հենց ռեւանշիզմը: Հակահեղափոխականը նույնպես առաջարկում է հեղափոխական լուծումներ այն իրականությունում, որը չի ընկալում: Նա էլ է դրա անունը դնում հեղափոխություն: Դիցուք, նա ուզում է, որ հեղափոխությունը արդարադատության հետ տեսնի նույն հաշվեհարդարները, որոնք «նախորդ կյանքում» արդարադատությունն ինքն էր տեսնում մարդկանց հետ: Հակահեղափոխականները ոգեշնչվում են հեղափոխության անարյունությունից եւ մտածում, որ իրենք էլ կարող են նույնն անել: Երկրում լիքը «հակահեղափոխություն» կա: Եվ դրա ամենասարսափելի կողմն այն է, որ փաստացի ընդդիմություն չկա: Հեղափոխության առաջացրած քաոսի օրինաչափությունն է դա, ինքը սփռվել է բոլորի վրա: Ինքը բոլորին զրկել է իրենց իրական անուններից, Հանրապետականը հենց սա չէր հասկանում, երբ կեղծում էր ընտրությունները: Ինքը չէր հասկանում, որ հեղափոխության զոհը ոչ թե իր իրականությունն է, այլ՝ ինքը: Ահա ինչու, հակահեղափոխության մեջ ինքը դեր չի կարող ունենալ, փոխարենը կարող են ունենալ նրանք, որոնց ինքը կերակրել է: