21.05.2018 14:50

Լիզա Ճաղարյան. Վազգեն Մանուկյանը նոր «խաշընկեր» է փնտրում

Լիզա Ճաղարյան. Վազգեն Մանուկյանը նոր «խաշընկեր» է փնտրում

Նախկին ՀՀՇ-ական, նախկին ԱԺՄ-ական, նախկին ԱԺ-ական, ներկա ԱԺԴ-ական (՞), նաեւ Հանրային խորհուրդ կոչեցյալ անհասկանալի կառույցի անդամ Արշակ Սադոյանը լրատվամիջոցներից մեկին պատմել է, որ իրենց խորհրդում «տրադիցիա կար» տարեկան մեկ անգամ ՀՀԿ ղեկավարի հետ խաշ ուտելու։

Շարունակությունը չի ասել, բայց դժվար չէ կռահել, որ Արշակ Սադոյանը մտահոգ է, որովհետեւ վերջին անգամ «դեկտեմբերին են կերել այդ խաշը», եւ դժվար թե այսուհետ Սերժիկ Սարգսյանն իր ծնած այս կույր աղիքի անդամներին երբեւէ խաշ ուտեցնի՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ նրա հրաժարականից հետո բաժակը ձեռքին իշխանափոխության հաղթանակը շնորհավորող առաջիններից մեկն այս, այսպես կոչված՝ Հանրայի՛ն խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էր։

Իսկ հիմա վերհիշենք։ Որքան էլ Սադոյանն ու Մանուկյանը «մաքրագրեն» իրենց կենսագրությունը, դժվար թե մոռացողները շատ լինեն, որ այս կառույցն ստեղծվեց «ՀՀ նախագահին առընթեր»։ Ինչու՞ ստեղծվեց։ Ոմանք գուցե սկսեն աշխուժորեն թվարկել զանազան վեհ նպատակներ (իշխանության եւ հասարակության միջեւ կամուրջ ծառայելու, ներքաղաքական համերաշխության եւ քաղաքացիական ձեւավորման եւ այլ մեծամեծ իղձեր), բայց նպատակը չափազանց չարչիական էր։ Դարպաս ջարդելու եւ իր հետեւից գնացող ցուցարարներին ծեծուջարդի հրահրելու «վարպետաց վարպետ» էր կանգնած «նորընտիրի» առջեւ, որին, իհարկե, վերջինս «իդիոտ» էր համարում, բայցեւ ավելորդ գլխացավանքների սիրտ չուներ (Մարտի 1-ի հանցագործությունն ու խայտառակ ընտրակեղծիքներն արդեն իսկ մեծ բեռ էին Սերժիկ Սարգսյանի համար)։ Իսկ այս գլխացավանքից ազատվելու համար մեծ ջանք պետք չէր, ընդամենը հարկավոր էր «հակառակորդի» ականջին շշնջալ «նախագահ» կախարդական բառը, եւ «ոսոխը» քնքշանվաղ կհանձնվեր։

Այդպես էլ եղավ։ Բանտերում հարյուրից ավելի քաղբանտարկյալներ կային, փողոցներում ցուցարարներն օրուգիշեր պայքարում էին նրանց ազատագրման եւ Մարտի 1-ի անմեղ զոհերի մարդասպաններին ու նրանց «գերագույն հրամանատարին» պատժելու պահանջներով, եւ այդ նույն ժամանակահատվածում՝ 2009-ի մարտ ամսին Վազգեն Մանուկյանն «առընթերվեց» Բաղրամյան 26-ին։

Ինչպե՞ս էր ապահովում հանրության եւ իշխանության կապը 36 հոգանոց այս խորհուրդը, այդ նույն հանրությունն այդպես էլ անտեղյակ մնաց։ Հանրությանը հայտնի էր միայն, որ այս խորհրդի «նախագա»-ն պատկառելի աշխատավարձ է ստանում այդ «ծանրագույն» աշխատանքը կատարելու համար։ Հետո կենացներն ավելի քաղցրացան (երեւի յուղոտ խաշ էր հրամցնում ՀՀԿ ղեկավարը), եւ հետագայում 36-ը դարձան 45, ավելին՝ առատաձեռն տանտերը որոշեց վճարել նաեւ իրեն առընթեր ՀԽ-ի անդամներին։ Ինչու՞ չվճարեր։ Բաղրամյան 26-ի հովվերգությունը չէին խաթարում, բռունցքը սեղանին չէին խփում եւ պահանջում քաղբանտարկյալներին ազատ արձակել, Մարտի 1-ի հանցագործներին էլ պատժել, ցուցարարներին չէին առաջնորդում դարպաս ջարդելու, չէին աղաղակում «չորրորդ խոսափողով», թե՝ կերան, թալանեցին, հասեք եւ արեք սրանց հետ ինչ ուզում եք։ Տարեկան մեկ-երկու անգամ հանդիպում էին «պծիչկայի» համար, մի-մի աման խաշ էին խփշտում, բերանների յուղը մաքրում ու գնում «տներով»։

Կամ՝ ենթադրենք ես չարաչար սխալվում եմ։ Ենթադրենք՝ օրուգիշեր աշխատել են, անասելի ջանք են թափել, որ կամուրջ դառնան հասարակության եւ իշխանության միջեւ։ Ենթադրեցինք։ Աղաղակող փաստն այդ նույն հասարակության աչքի առջեւ չէ՞։ Մու՞թ է, չի՞ երեւում, որ այդ կամրջի ուրվականն անգամ չստեղծվեց, եւ հասարակության ու իշխանության միջեւ այնպիսի ահազդու վիհ կար, որի բնական հետեւանքն էլ այսօրվա իշխանափոխությունն է։

Պարզվում է՝ իրոք մութ է։ Բայց միայն՝ Վազգեն Մանուկյանի համար։ Ու հիմա ոտուձեռ է ընկել «նախագա»-ն։ Մի երկարուձիգ նամակ է հղել նոր վարչապետին՝ «համաշխարհային» առաջարկներով, որոնց տողատակն ընդամենը մեկ խղճուկ ցանկություն է՝ համաձայն եմ, դու էլ ասա, որ ես «իդիոտ» եմ, միայն թե շատ եմ խնդրում՝ մեր «կանտորան» չփակես, իմ «նախագա»-ությունը քո վարչապետությանը «վնաս չէ, վնաս չէ»։

...Եթե որեւէ մեկը Հայաստանում որոշի ուսումնասիրել վերին սանդղակի վրա գտնվող որեւէ անհատի գահավիժման պատճառները մինչեւ ստորաքարշության ամենացածր սանդղակը, լավագույն նմուշը Վազգեն Մանուկյանն է։

Ուսումնասիրեք, լիքը բան կիմանաք։