21.05.2018 20:58

Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են

Փաշինյան. Արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են

Կառավարության նոր կազմի երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Արտահերթ ընտրությունների մասին հարցին ի պատասխան ասել է, որ արտահերթ ընտրություններն առաջնահերթություն են, ինչը չի նշանակում, թե դա միակ խնդիրն է, որը պետք է լուծել: Կառավարությունն, ըստ նրա, բնականոն պետք է գործի, եւ ունի, ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, եւ այդ երկուսը միմյանց չեն հակասում։  

Ժամկետների մասին Փաշինյանն ասել է. «Խնդիրը ոչ այնքան ժամկետներն են, որքան որակը: Ցանկություն ունենք ունենալու այնպիսի ընտրություններ, որոնք իսկապես ազատ, արդար, ժողովրդավարական են լինելու, եւ դրա համար պետք է որոշակի երաշխիքներ ապահովել: Ցանկացած պահի, երբ տեսնենք, որ պատրաստ ենք այդպիսի որակի ընտրություններ անցկացնել, հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ»:

Նաեւ հավելել է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը կա, եւ փորձում են հնարավորինս արագ, բայց անշտապ այդ գործընթացը կազմակերպել:  

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետագա պաշտոնավարման մասին հարցին Փաշինյանը պատասխանել է, որ ԿԸՀ-ն անկախ մարմին է, եւ պետք է հաշվի առնել դա, բայց սիմվոլիկայի առումով կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

Կադրային փոփոխությունների վերաբերյալ մեկ այլ հարցի պատասխանել է, որ մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի, իսկ ինչ վերաբերում է մյուս (ընտրովի) մարմիններին, ապա այդ առումով կան որոշակի օրենսդրական խնդիրներ, եւ իրենք կփորձեն այդ խնդիրներն օրենքի համատեքստում լուծել:  

Արդյո՞ք պաշտոնանկ կարվի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը՝ հարցին էլ Փաշինյանն այսպես է արձագանքել. «Եթե այդպիսի խնդիր լինի, այդ մասին կտեղեկացնեն»:

Արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են ԼՂ հիմնախնդիրը: Այս հարցին Փաշինյանը պատասխանել է, որ Սոչիում կայացած բոլոր հանդիպումներն անցել են բարձր մակարդակով, բնականաբար՝ քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը:

«Բոլոր հանդիպումներն անցել են դրական մթնլորտում, կառուցողական խոսակցություններ են տեղի ունեցել, եւ արձանագրվել է, որ կա նորմալ աշխատանքային մթնոլորտ»,- ասել է նա:

Արագաչափերի վերաբերյալ հարցին պարզաբանել է, որ ինքը կառավարության նախորդ նիստի ժամանակ առաջարկել է դիտարկել դրանց աշխատանքը ժամանակավորապես կասեցնելու հնարավորություն, եւ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրության ստուգմամբ.  եթե այդ վիճակագրությունը վատթարացման միտումներ բացահայտի, ապա իրենք կանեն եզրակացություններ, իսկ եթե վատթարացման միտումներ չբացահայտվեն, ապա էլի եզրակացություններ կանեն: Նա նշել է, որ նախ պետք է հասկանալ՝ իր այդ հայտարարությունը վատթարացնող որեւէ միտում բերե՞լ է, թե՝ ոչ:

Տուգանքների համաներում, Փաշինյանի խոսքով, կանեն:

Անդրադառնալով «Ազգ-Բանակ» կոնցեպտին, եւ այդ կոնցեպտի քննադատության առիթով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված արձագանքին՝ Փաշինյանը նշել է. «Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է «Ազգ-Բանակ»-ը, նշանակում է, որ ոչ մեկը չի պատկերացնում, թե դա ինչ է: Սարգսյանն ինքն իր դեմ է արել այդ հայտարարությունը.  մարդը մի տարի խոսել է, եւ ոչ մեկը չի լսել, կամ լսել է, բայց հնարավոր չի եղել հասկանալ, թե ինքն ինչ է ասել: Կոչ կանեի այդպիսի թատերականացված հայտարարություններից զերծ մնալ»: