22.05.2018 09:41

«Ազգ-բանակ»-ը եւ ՀՀ հանրային խորհուրդն իրարից տարբեր, բայց, ըստ էության, շատ նման բաներ են

«Ազգ-բանակ»-ը եւ ՀՀ հանրային խորհուրդն իրարից տարբեր, բայց, ըստ էության, շատ նման բաներ են

«Ազգ-Բանակ»-ի վերաբերյալ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերջին հայտարարությունը արձագանք է գտել նաեւ սոցցանցերում:

Այդ կապակցությամբ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը գրում է.

««Ազգ-բանակ»-ը եւ ՀՀ հանրային խորհուրդն իրարից տարբեր, բայց, ըստ էության, շատ նման բաներ են։ Տարբեր են, որովհետեւ մեկը (առաջինը) խիստ վերացական գաղափար է, իսկ մյուսը (երկրորդը) խիստ որոշակի կառույց՝ հաստիքացուցակով, կոմունալ ծախսերով եւ այլն։

Նման են նրանով, որ երկուսն էլ (ոչ տարերայնորեն) առաջացել են օրինակարգության (լեգիտիմության) թանձր ճգնաժամը մեզ համար տանելի դարձնելու հույժ հայրենասիրական մղումով։

Նոր իրավիճակում երկուսի կարիքն էլ չկա։ Առաջինի հայր-հեղինակն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, երկրորդի ՆԱԽԱԳԱՀԸ լավ կանի հնարավորին չափ շուտ հայտարարի կառույցի ինքնալուծարման մասին»։

 

Քաղաքացի Արուսյակ Ջուլհակյանն էլ արձանագրում է.

«Քանզի պաշտոնաթող նախարարն էսօր էպիստոլյար ժանրում անդրադարձել էր իր հեղինակած ազգ-բանակ կոնցեպտին, մտածեցի գտնեմ, կարդամ վերջապես, հասկանամ, թե դա ինչ ա: Չգտա: Պարզվեց՝ չկա նման հայեցակարգ: Փոխարենը ՊՆ կայքում գտա մի տեքստ «ազգ-բանակ»-ի մասին, որը կարդալու արդյունքում հասկացա, որ դրա հետ կապված հարցերը պետք է ուղղել ոչ թե նախկին նախարարին, այլ Կույս կանանց միավորմանը: Միաժամանակ, հասկացա նաև, թե ինչու դրան չի տրվել հայեցակարգի տեսք, քանզի կենացների այս կույտը որևէ պարագայում հնարավոր չէր լինի համապատասխանեցնել հայեցակարգերին ՀՀ կառավարության 2015 թ. հունվարի 22-ի նիստի թիվ 2 արձանագրային որոշմամբ սահմանված պահանջներին: Եթե ստացվեր էլ, կդառնային ծաղրի առարկա: Ստորև մի քանի գոհար ազգ բանակի մասին ՊՆ կայքում հրապարակված տեքստից: Ասեմ, որ բարդ էր առանձին մտքեր առանձնացնելը, քանզի մեկը մեկից գոհար էինJ Եվ այսպես՝
- Երկրաշարժի փլատակների, տնտեսության տապալման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի զրկանքների, սոցիալական հարաբերությունների պատռտված պաստառից սկսեց վերածնվել «Հայաստան» կոթողային կտավը: (Այո, կտավը, Կառլ, ոչ ավել, ոչ պակաս):
- Երազածը ստացած մանուկի ոգևորությամբ նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը: :’( 
- Միայն մտածեք` մեր յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի` նորածին մանուկից մինչև ալեհեր տարեց, համազգեստավոր է: (ՀԱՄԱԶԳԵՍՏԱՎՈՐ ՆՈՐԱԾԻՆ ՄԱՆՈՒԿ):
- Ազգ-բանակը դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: (էլ անհատականությունների հույս չունենք, ամեն ինչն ունիսոն ենք անելու ու միասի՞ն: Ի դեպ, միասնականության այս «երազանքն» իրականացավ հեղափոխության օրերին, երբ ազգը «ազգ-բանակ» կոնցեպտի հեղինակներին հեռացնելու համար միասնական էր դարձել, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ միավորվել էր ամբողջ ազգը հակառակորդի դեմ: Բայց դա կոնկրետ առիթներով ա հնարավոր և նորմալ, հավերժ միասնականության կոչն աբուրդ ա, երբեմն նաև երեսպաշտություն: Միասնականության վերաբերյալ ձոները և կոչերը ես սովորաբար հանդիպել եմ այնպիսի վայրերում, ուր ճահճացած վիճակ է, ուր չկա բանավեճ, ուր չկա այսպես ասած առողջ մթնոլորտ, չկա ճշմարտություն փնտրելու, բանավեճի արդյունքում այն վերհանելու փորձ):
- Ազգ-բանակը դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը և դեպի իր սպայական անձնակազմը (չկա այդ վստահությունը, քանի դեռ ունենք չբացահայտված մահեր բանակում, կոռուպցիոն մեխանիզմներ, ծառայության հարցում անհավասարություն, արտոնություններ՝ պայմանավորված սոցիալական և տնտեսական դիրքով՝ սովորաբար բարձր):
- Դա այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված և մեծարված քաղաքացին է: Ով սպա չի, հաշիվ չի՞, էլ հույս չունենա՞նք, որ գոնե հավասար կհարգեն)):
- Ազգ-բանակը այն դպրոցն ու զորամասն են, որ միմյանց տրամաբանական շարունակությունն են, ուր ուսուցիչը, ծնողն ու հրամանատարը միասին են աշխատում վաղվա սերնդի դաստիարակության ուղղությամբ: (մանավանդ էն լաքած չոլկաներով մեծաքանակ ուսուցիչները, որոնք խրված են ու լծված համատարած ընտրակեղծարարության, ձայն բերելու, աշակերտներից փող կլպելու գործին):
- Ազգ-բանակը դա այն երկիրն է, ուր չկա զինվորական և քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի և կա քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան: (Էդ քաղաքացիական հագուստով հայրենիքի պաշտպանները պետք ա լինեիք դուք, պաշտոնյաներդ, որոնց միակ ֆունկցիան պետք է լիներ հայրենիքին ծառայելը, ամեն ինչ հայրենիքը կատուցելուն ուղղելը, ինչը որ չեք արել, շատերդ նաև էդ դիրքն օգտագործել եք բացառապես սեփական շահերի համար):
- Ազգ-բանակը դա այն ընտանիքն է, որի հայրը կոփում է իր զավակին ծնված օրվանից, իսկ մայրը՝ կարոտի անխուսափելի զգացումով, բայց մեծ համոզվածությամբ ճանապարհում է իր որդուն բանակ: (էս կետը նախ ենթադրում ա, որ ընտանիքի զավակը միայն որդին ա, ում հայրը մանկուց պետք ա կոփի, մայրն էլ համոզվածությամբ ճամփի բանակ: Խեղճ երեխա, երջանիկ մանկության ու անհոգության ոչ մի հույս, կոփում պազունոկներից սկսած: Այսինքն մարդը, որ ծնվում ա, նրա կյանքի միակ նպատակը, նպատակակետը ու հանգրվանը պետք ա դառնա բանակ գնալը, ծառայելը: Մի խոսքով զրո ազատություն: Հիշեցրեք խնդրեմ՝ էս կոնցեպտի հեղինակներից ու անմիջական ջատագովներից, պրոպագանդողներից քանի՞սն էին ծառայել ու մանկուց պատրաստվել դրան):
- Դա նաև այն սպան է, որի զավակն առանց երկմտելու պատասխանում է, որ երազում է իր հայրիկի կամ մայրիկի նման ևս սպա դառնալ: (էլի զրո ազատություն, ծնվել ես սպայի ընտանիքում, էլ ոչ մի երկմտանք: Ընկել ես, պիտի քաշես):
- Բայց դա նաև այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքը երջանկացնելու կեղծ և անիրականանալի երազանքով (էն գոմեշի գործն ի՞նչ եղավ, թե՞ ջորի էր: ՀԻշում եմ ապրիլյանից հետո մի երկու սկանդալ եղավ ատկատների մասով, ի՞նչ եղավ դրանց վերջը: Էս տարվա փետրվարին էլ ԶՈՒ ԳՇ պետի մասին էին նման հրապարակումներ անում, մի բան պարզվե՞ց):
- Ազգ-բանակը այն բանակն է, որից չեն գողանում` ոչ փամփուշտ, ոչ գազար, որից չեն խուսափում` հընթացս ձեռք բերելով աշխարհի բոլոր հնարավոր և անհնար հիվանդությունները: (խնդրում եմ տրամադրել ցանկն այն անձանց, որոնք ներգրավված են եղել գազարի և այլ գողությունների գործում ու ենթարկվել պատասխանատվության: Ու արդյոք բոլորն են ենթարկվել, թե մի երկուսը վերցրել են իրենց վրա, իսկ մնացածը շարունակում են աշխատել: Էլ չեմ խոսում բոլոր հնարավոր և անհնար հիվանդությունների պատրվակով ծառայությունից խուսափել օգնող պաշտոնյաների, այդ թվում զինվորական մասին: Կա՞ն նման պաշտոնյաներ, ում նկատմամբ գործ է հարուցվել նման մեղադրանքով):
- Ազգ-բանակը այն արժեհամակարգն է, որ հենվելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ամուր հիմքի վրա բարոյականության և սկզբունքների տիրույթում է պատրաստում իր զինվորին ծառայության: (աթեիստներն ու այլ կրոնների հետևորդները չծառայե՞ն, եթե չեն ուզում էդ արժեհամակարգին առնչվել ու այլոց կողմից ներկայացված բարոյական նորմերին ու սկզբունքներին ենթարկվել):
- Ազգ-բանակն այն բժիշկն է, որը միշտ պատրաստ է տագնապով հայտնվել մարտի դաշտում` պայքարելով յուրաքանչյուր վիրավորի փրկության համար: (առանց էս կոնցեպտի էլ բժիշկները, երբ եղել է նման կարիք կատարել են իրանց մասնագիտական պարտքը՝ առանց տրնտջալու, չքնելով, չհանգստանալով, սոված մնալով):
- Դա այն ռեժիսորն է, որի ֆիլմում սպայի և զինվորի կերպարն ամենադրականն է: (ստոր զինվորների կամ սպաների կերպարներ չե՞ն կարող լինել):
- Դա այն մարզիկն է, որ օլիմպիական խաղերում հաղթելով՝ պարգևատրման արարողության ժամանակ հագնում է զոհված ազատամարտիկի դիմանկարով շապիկը: (ոչ դուք, ոչ ձեր կոնցեպտը կապ չունեն էդ սպորտսմենի ու իր արարքի մոտիվների հետ: Ու ես շատ հուսով եմ, որ ապագայում չեն լինի նման առիթներ, որ սպորտսմենը մահացած զինվորի նկարով բարձրանա հարթակ):
- Դրա համար կա ամեն ինչ` ճիշտ մարդիկ, կայացած պետական կառավարման համակարգ, անհրաժեշտ ռեսուրսներ, հասարակական պահանջ: (Փաստորեն կան անհրաժեշտ ռեսուրսներ, բա էլ ի՞նչ 1000 դրամ: ԷՆպես չի, որ սկզբունքորեն դեմ եմ, բայց եթե ռեսուրսը կա, ինչի՞ եք քաղաքացիներից պարտադիր կարգով գանձում):
Հ.Գ. Կարող էիք գոնե հայերենի մի նորմալ մասնագետի տալ այս տեքստը՝ սրբագրելու: Ազգ-բանակի մասին, թերևս, չարժե վատ հայերենով գրել, քանզի ազգը նաև լեզուն է: Իսկ դուք խոսում եք հայրենասիրությունից, բայց նույնիսկ չեք ուզում լավ սովորել մայրենին:
Հ.Գ.Գ. Վերջապես պատերազմի ու նորանկախ տարիները ներկայացվեցին թեպետ կույս կանանց բառապաշարով, բայց առանց (ոմանց շահերից ելնելով) դրանք սևացնելու փորձի, առանց մութ ու ցուրտի»: