22.05.2018 14:59

ԱԳՆ խոսնակ. Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ տեւական խաղաղության հասնելու համար

ԱԳՆ խոսնակ. Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ տեւական խաղաղության հասնելու համար

«Նոր բան չենք պնդում, տարիներ շարունակ ասել ենք եւ շարունակում ենք ասել», - այսօր ԱԳՆ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպես է արձագանքել ԱԳն խոսնակ Տիգրան Բալայանը՝ վարչապետի Նիկոլ Փաշինյանի Լեռնային Ղարաբաղի բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին արված հայտարարության վերաբերյալ հարցին:

Բալայանը հավելել է. «Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, որը ենթադրում է Արցախի ավելի ներգրավում բանակցային գործընթացին»:

Նրա խոսքով, Հայաստանի դիրքորոշումը ԼՂ բանակցային գործընթացի մասին փոփոխություն չի կրել՝ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաեւ ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների պայմաններում:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ արձագանքներ են եղել Փաշինյանի այդ հայտարարությանը՝ Բալայանը նշել է, որ արձագանքները եղել են հրապարակային, եւ միայն Ադրբեջանն է արձագանքել:

Բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին Բալայանն ասել է. «Ղարաբաղը, այսպես թե այնպես, ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որտեղ նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին եւ այլն, խնդիրն այլ է՝ Ադրբեջանը տարիներով մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ»:

Բալայանը հիշեցրել է, որ 1994 թվականին կնքված զինադադարի մասին եռակողմ փաստաթուղթը կնքվել է Ղարաբաղ-Ադրբեջան ուղիղ շփման արդյունքում:  

«Մեր խնդիրն այսօր հետեւյալն է՝ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ կայուն կարգավորման ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցություններն են»,- ասել է Բալայանը՝ հավելելով. «Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք՝ որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, շարունակելու ենք բանակցել, մյուս կողմից Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ հստակ, տեւական խաղաղության հասնելու համար»: