22.05.2018 16:02

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ 3 հայազգի թեկնածու. Ազատություն

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ 3 հայազգի թեկնածու. Ազատություն

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի երեք պատգամավորներից երկուսը՝ Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը կառաջադրվեն նաև հունիսի 24-ին երկրում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: 

«Ակօս» պարբերականի հաղորդմամբ, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը այս անգամ ընտրություններին կմասնակցի առաջադրվելով ոչ թե Ստամբուլում, այլ Դիարբեքիրում:

Այս առիթով Փայլանը իր ֆեյսբուքյան էջում եռալեզու՝ հայերեն, քրդերեն ու թուրքերեն գրառում է արել: «Բարև, Տիգրանակերտ: Հպարտ եմ Դիարբեքիրից թեկնածու առաջադրվելու կապակցությամբ», - գրել է Փայլանը՝ հաջողություն մաղթելով առաջիկա ընտրություններում:

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանը այս անգամ ևս ընդգրկվել է իշխող կուսակցության թեկնածուների ցուցակում: Նա առաջադրվել է Ստամբուլի երկրորդ շրջանում՝ 11-րդ համարի ներքո:

Ի տարբերություն Գարո Փայլանի և Մարգար Եսայանի, Մեջլիսի երրորդ հայազգի պատգամավոր՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից Սելինա Դողանը չի ներառվել առաջիկա ընտրություններում առաջադրված թեկնածուների ցանկում: Նախորդ ընտրություններին Դողանը մասնակցել էր Ստամբուլի երկրորդ շրջանից և ցուցակի առաջին համարն էր: