22.05.2018 17:02

Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

Տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որի ընթացում քննարկվել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու հարցը: Նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը:


ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում և Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է:


Կառավարությունը սահմանել է նաև պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին և նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձևերը: