22.05.2018 22:26

Լիզա Ճաղարյան. Մի քանի ծվեն 88-ից

Լիզա Ճաղարյան. Մի քանի ծվեն 88-ից

Նվիրում եմ 2018-ին «աննախադեպ» հեղափոխություն իրականացրած երիտասարդությանը

88-ի փետրվարին Ֆեյսբուք չկար, «լայվ»-երի հնարավորությունն էլ՝ հետը։ Մենք նույնիսկ չգիտեինք համակարգիչն ինչ բան է։

Ապրում էինք թուղթուգրչի ու գրամեքենայի «դարում», եւ գրամեքենա ունեցողներն էլ հատուկենտ երջանիկներ էին։ Աշխատավայրում թռուցիկ մեքենագրելն ու բազմացնելը մեծ ռիսկ էր. ՊԱԿ-ի համար ժամերի հարց էր հայտնաբերելը, թե որտեղից է դուրս եկել այդ թռուցիկը։

Եթե չէր հաջողվում գրամեքենայով բազմացնել «Ղարաբաղ» կոմիտեի կոչերը, հայտարարությունները, Ռուսաստանից եւ այլ երկրներից մեր Շարժմանն աջակցող տեքստերը (մամուլից մկրատով կտրած էջեր էին), նստում էինք գիշերները, արտագրում էինք մի քանի օրինակ, եւ ով ում կարողանում էր՝ բաժանում էր, նրանք էլ արտագրում՝ ուրիշների էին բաժանում։ Այսպես։

Վրաններ չունեինք։ Փետրվարյան ցուրտ ձմռանը օրերով կանգնում էինք ձյան փաթիլների տակ, ու ոչ մեկիս մտքով չէր անցնում տուն փախչել տաքանալու։ Չէինք էլ մրսում։ Մեզ անծանոթ ու անսպասելի այցի եկած Ազատության նկատմամբ անհագուրդ սերը ջերմացնում էր մեզ, ու սա դատարկ, վերամբարձ խոսք չէ։

Շրջաններից, ամենահեռավոր գյուղերից հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ոտքով էին հասնում Երեւան։ Ու ոչ մեկի դեմքին հոգնության նշույլ չկար։

Սիրում էինք իրար քրոջ, եղբոր, մոր ու հոր պես։

Մաշտոցի պողոտայի առաջին հարկերի գրեթե բոլոր լուսամուտներին ջրամաններ էին դրված ու կողքը բաժակ, լուսամուտների փեղկերն էլ բաց էին։ Երթերի ժամանակ եթե ծարավում էինք, մոտենում էինք լուսամուտին, մի բաժակ ջուր էինք խմում ու շարունակում մեր երթը։ Մի կին մեծ կաթսայով տոլմա էր եփել-բերել՝ հարյուր հազարավոր ցուցարարներից գոնե մի քանի տասնյակի կերակրելու... Ով ինչ ուներ՝ բերում էր, ում հասնում էր բերածը՝ նրա համար ուրախանում էինք։

Մայրաքաղաքում սեփական ավտոմեքենաներով կամավորներ էին շրջում, ապակուն մի կարճ գրություն՝ անվճար։ Ով ում կարողանում էր՝ հանրահավաքից հետո ձրի տուն էր հասցնում։ Առանց բարձրագոչ խոսքերի, առանց սեփական միհատիկությունն ընդգծելու։ Սովորական բան էր. այդ օրերին բոլորն ապրում էին բոլորի համար։

Մեր երջանկությունից փայլող դեմքերը սարսափից աղճատվեցին փետրվարի 26-ին։ Սումգայիթի եղեռնը ազատության հովվերգական օրորոցից մեզ դուրս շպրտեց ու նետեց իրականության կիզակետ։ Իսկ իրականությունը դաժան էր։ Իրականությունը Կարմիր բանակն էր, որ մտավ Երեւան ու որպես նախազգուշացում գնդակահարեց լուսանկարիչ Խաչիկ Զաքարյանին։ Իրականությունը սովետական տանկերն էին, որ ազատ-անկաշկանդ «երթեւեկում էին» Երեւանի փողոցներում ու «անհրաժեշտության դեպքում» տանկի փողն ուղղում ըմբոստների վրա։ Իրականությունը մեր համառ ցույցերն էին Ազատության հրապարակում՝ հրապարակի շուրջը պտտվող տանկերի հռնդյունի «հոգեպարար» հնչյունների ներքո։ Իրականությունը տասնյակներով հացադուլավորներն էին, որ բոլորիս աչքի առաջ էին գիշերուցերեկ, ու արցունքոտ աչքերով նայում էինք, թե ոնց են ժամ առ ժամ հալվում մեր քույրերն ու եղբայրները՝ մինչեւ որ գրեթե անգիտակից նրանց հասցնում էին հիվանդանոց։

Իրականությունը գերեվարված Հրապարակն էր, ու մենք՝ օրուգիշեր այդ Հրապարակի շուրջը պտտվողներս ու հրապարակը շրջափակած սովետական բանակի զինվորներին Ղարաբաղի պատմությունը պատմողներս։

Իրականությունը Կիրովաբադից, Բաքվից, Ադրբեջանի այլ շրջաններից մազապուրծ եղած փախստականներն էին՝ յուրաքանչյուրն իր սահմռկեցնող պատմության տակ կքված։

Մենք բջջային հեռախոս չունեինք։ Ինչպես համակարգիչը, Ֆեյսբուքն ու «լայվը», սա էլ էր մեզ անծանոթ «կենդանի»։ Երբ զարհուրելի երկրաշարժը Հայաստանի կեսն ավերակեց՝ իր հետ տանելով տասնյակ հազարավորների, երբ «Ղարաբաղ» կոմիտեին ձերբակալեցին (մեր քաղբանտարկյալները Հայաստանում չէին ազատազրկված, հեռավոր մոսկվաներում էին կամ Բաքվի դժոխային բանտերում), մենք հեղեղի պես արցունք թափելով թափառում էինք Երեւանի փողոցներով, որ գեթ հեռվից տեսնենք իրար, մի հնարքով հարմարեցնենք՝ տեղեկություն փոխանակենք, որովհետեւ նույնիսկ երեք հոգով փողոցում կանգնելն արգելված էր. մոտենում էին սովետական բանակի սպաները եւ պահանջում հեռանալ։ Եվ եթե համարձակվում էինք համառել՝ ռոբոտի անզգա դեմքով սպան հրամայում էր տանկի փողն ուղղել մեզ վրա։ Մեկ էլ լուր էր հասնում՝ մերոնք կայարանում են, վազում էինք կայարան, արդեն այնտեղից աննկուն բանակը ցրած էր լինում նրանց։ Հետո ասում էին՝ կինոՀայրենիքի կողմերն են, վազում էինք այնտեղ...

Չեմ ուզում երկարացնել։ Եթե չգիտեք 88-ի հերոսական ու ողբերգական պայքարի մասին, կարդացեք եւ իմացեք։ Եթե քամահրանքով վերաբերվեք նրանց, ովքեր բազմաթիվ զոհերի, տառապանքների գնով ձեզ անկախ պետություն են նվիրել, կասկած չունենաք, որ վաղն էլ նոր սերունդ է գալու ու ձեզ է քմծիծաղով վերաբերվելու։

Որովհետեւ եթե մենք սխալներ ենք արել, հավատացեք՝ դուք նույնպես ապահովագրված չեք դրանցից, հենց այսօ՛ր էլ արդեն անում եք սխալներ, բայց մենք չենք չարախնդում, հակառակը՝ ուզում ենք, շատ ենք ուզում, որ հաջողեք։ Եվ եթե ձեր պայքարը տասնօրյա Տոն էր, մերն անցավ հազարավոր զոհերի, արցունքի ու արյան՝ տարիներ տեւած դաժան ճանապարհով, եւ մենք՝ «սովետիկուսներս», կեսքայլ անգամ չընկրկեցինք։

Ինչ էլ որ լինի ու եղել է, մենք՝ հներս, երբեք չենք մոռանալու, որ դուք հանցագործ ռեժիմին պատմության գիրկն ուղարկեցիք։

Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս։ Այս Անկախ Պետությունը, որն ավելի լավը դարձնելու համար ոտքի կանգնեցիք՝ մեզանից եք ժառանգել։

Հ.Գ. Ի դեպ, մենք էլ էինք երգում։ Մեր ժամանակ շոուբիզնես չկար, ու մենք երգում էինք «Հիմի՞ էլ լռենք», «Բամփ որոտան», «Անտունի», «Արաքսի արտասուքը»...

Ջանացեք այս եւ սրանց նման գանձերն էլ չխցկել մեր պատմության փոշոտ դարակները՝ 88-ի «սովետիկուսներիս» հետ միասին։