23.05.2018 12:51

Վազգեն Մանուկյանի ծուղակը նոր իշխանության համար

Վազգեն Մանուկյանի ծուղակը նոր իշխանության համար

Վազգեն Մանուկյանը հարկ է համարել իր «քաղաքական փորձառության» բարձունքից խորհուրդներ տալ նոր կառավարությանը։

«Դպրոցական կրթությունը պետք է մեր երիտասարդության մեջ սերմանի հպարտություն մեր ազգային պատկանելության նկատմամբ: Այդ նպատակով պետք է վերանայվեն համաշխարհային և հայոց պատմության դասագրքերը»:

Վ. Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել է, թե ինքն է եղել 1988 թ. Օգոստոսի 19-ին հրապարակված ՀՀՇ առաջին ծրագրի հեղինակը (ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նա հեղինակներից մեկն է)։ Այդ ծրագրում նման միտք չկա։ Առանցքային այս միտքը չի եղել նաեւ 1990 թ. օգոստոսի 10-ի նրա ծրագրային ելույթում, երբ ընտրվում էր ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ Նման բան չի ասել նաեւ այդ պաշտոնում իր գործունեության ընթացքում։

Մի քանի տարի հետո, երբ նա արդեն ոչ թե իշխանության մաս, այլ իր ստեղծած ԱԺՄ-ով ընդդիմություն էր, սկսեց խոսել նման բաների, մասնավորապես հայ ժողովրդի «համաշխարհային ազգ» լինելու մասին։ «Համաշխարհայինը» աշխարհով մեկ ցրված լինելը նկատի չուներ, դրա համար վաղուց կար «աշխարհասփյուռ» բառը։ «Համաշխարհայինը»՝ ուրիշներից տարբեր որակ եւ, ըստ այդմ, աշխարհի, մարդկության մասշտաբով «առաքելություն» ունենալն էր։ Հասարակության միջինից ցածր մակարդակ ունեցող մասի ականջը շոյող գերհայրենասիրական այս «ուսմունքով» նա ժամանակին ինչ-որ աղմուկ հանեց։ Հասարակության՝ միջինից բարձր մակարդակ ունեցող մասի համար ավելորդ էր ասել, որ դա այլ բան չէր, քան ամենասովորական ՆԱՑԻԶՄ, երբ մի ազգ իրեն վեր է դասում մնացած բոլորից եւ վերջիններիս հանդեպ «առաքելություն» ստանձնում։ Ճիշտ է՝ եղել են դեպքեր, երբ նման ուսմունքներով ինչ-որ մարդիկ իշխանության են հասել, բայց նաեւ իրողություն է, որ վերջին հաշվով այդ ժողովուրդները շատ ծանր են հատուցել դրա համար։ Իրողություն է նաեւ, թե աշխարհում, արդեն 20-րդ դարի կեսերից հետո, մեղմ ասած, մերժողական վերաբերմուք կար նման բաների հանդեպ։

Հիմա Վազգեն Մանուկյանն ի՞նչ է առաջարկում իր «քաղաքական փորձառության» բարձունքից։ Ըստ էության՝ առաջարկում է պատմության դասագրքերով ՆԱՑԻԶՄ քարոզել դպրոցներում եւ բուհերում։ Եւ պատկերացնել կարելի է, թե ինչ ռեակցիա կլինի դրսում, եթե ոչ միայն Հայոց, այլ նաեւ համաշխարհային պատմության դասագրքերը «վերանայվեն» այնպես, որ «երիտասարդության մեջ հպարտություն սերմանեն իրենց ազգային պատկանելության նկատմամբ»։

Արդեն 10 տարի Վ. Մանուկյանը «Հանրային խորհրդի» նախագահն է, հետաքրքիր է՝ նախորդ կառավարությանն է՞լ է նման «գերհայրենասիրական», «ազգաշեն» առաջարկ ներկայացրել։

Վարդան Հակոբյան