23.05.2018 18:18

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին օգնելու պատրաստակամություն է հայտնել

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն պատասխանել է Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու և 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկին։ 

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս շաբաթ՝ նամակ հղելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը վերջերս ստանձնած Մայք Փոմփեոն ասել է, թե բարձր է գնահատում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի կրթական համակարգին աջակցելու գաղափարը։  Հայտնելով Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հարցերն արագացված կարգով քննարկելու պաշտոնական ընթացակարգ չունի։ 

«Մենք հույս ունենք, որ այս տարի Հայաստանի կառավարությունն առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գնահատման չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, երբ կորպորացիայի տնօրենների խորհուրդը թեկնածուներին ընտրելու տարեկան գործընթացում կկարողանա քննարկել Հայաստանի հարցը», - գրել է Փոմփեոն։  Ի պաշտոնե, ԱՄՆ պետքարտուղարը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրից Հայաստանը դուրս մնաց 2008 թվականին։