23.05.2018 18:50

Իրադրություն է փոխվել. Դատախազը «պատրաստ է քննարկել» կալանավորվածների հարցը

Իրադրություն է փոխվել. Դատախազը «պատրաստ է քննարկել» կալանավորվածների հարցը

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում պատասխանելով քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե «Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադրության փոփոխության արդյունքում, անձը կամ նրա կատարած հանցանքը սկսում են հանրության համար վտանգավոր չլինել, կամ նվազել դրանց վտանգավորությունը»։

Նրա խոսքով, իրադրության փոփոխություն ձեւակերպումը նաեւ օրենսդրական է:

«Իրադրության փոփոխության արդյունքում մենք ունենք քրեական գործեր, հատկապես դատարանի վարույթում քննվող, որոնցով մենք կարող ենք կանգ առնել համապատասխան իրադրության փոփոխման քննարկման»,- հայտարարել է Դավթյանը:

Նա հավելել է, սակայն, թե ինքը չի անհատականացնում, բայց այս պայմաններում պետք է ունենալ համապատասխան անձի այնպիսի վարքագիծ, որը կվկայի, որ «իրադրության փոփոխությունը բերել է նրա վտանգավորության փոփոխության»։

«Մենք պատրաստ ենք քննարկել և տեսնել, թե ստեղծված իրադրության փոփոխման պայմաններում ինչպիսի՞ իրավակարգավորումների տիրույթում, ո՞ր խնդիրները նոր լուծումներ կարող են ստանալ։ Մենք բաց ենք այդ քննարկման։ Իհարկե մենք նաև առաջիկայում ինքներս կնախաձեռնենք որոշակի այդպիսի քննարկումներ»- ասել է Դավթյանը: