24.05.2018 13:10

Միհրան Պողոսյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել

Միհրան Պողոսյանի օգնականին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեից փոխանցում են, որ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Ա.Իսոյանին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Նշենք, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Ա.Իսոյանն է՝ ծնված 1988թ.։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Իսոյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օգնականն է: