24.05.2018 14:34

ԱԱԾ տնօրեն. Արդեն կան բերման ենթարկվածներ

ԱԱԾ տնօրեն. Արդեն կան բերման ենթարկվածներ

«Մենք ասել էինք, որ ամսի 23-ից ակտիվ գործողություններ կսկսենք, գործողությունները սկսված են և առաջիկա օրերին հրապարակումները կլինեն», - այսօր կառավարության նիստից առաջ «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ շուտով կբացահայտվեն ապօրինի հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով։ Վանեցյանը նշել էր՝ Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում՝ նրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։

«Դա բարդ և ծանր, մեծ ծավալ ունեցող աշխատանք է, որը մենք ամբողջ ծավալով իրականացնում ենք, և մենք պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարց չառաջանա դրա հետ կապված, դրա համար պետք է այդ ամենն անենք շատ պրոֆեսիոնալ կերպով, և դրա համար մեզ մի քիչ ժամանակ է պետք։ Բայց ամսի 23-ից, ես ոնց որ նշել էի, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, հրավիրված անձինք, տրվել են բացատրություններ, և մեր նախնական օպերատիվ տվյալները այս փուլում ես կարող եմ ձեզ ասել, որ հաստատվել են»,- ասել է Վանեցյանը: