25.05.2018 11:30

Արսեն Գրիգորյան. Հեղափոխության դոնկիխոտները

Արսեն Գրիգորյան. Հեղափոխության դոնկիխոտները

Մենք հաղթահարեցինք Գարեգին Չուգասզյանի գրեթե կաֆկայական սցենարով հացադուլը՝ կամավոր մահն աչքերիս առաջ է, մինչդեռ պարզ չէ, թե՝ ինչու: Հեղափոխությունները սիրում են փողոց նետել ազատության եւ անպատասխանատվության բնազդները, մարդը վերջապես պոկվում է բարձունքների անուշադրությունից ու հռչակում իր աննշան խնդրի մասին:

Հեղափոխությունը յուրաքանչյուրի կարեւորության մանիֆեստն է, որում մարդը մութ սենյակում հայելու առաջ մեկ ակնթարթ վառվող լույսի մեջ տեսնում է իր դեմքը: Հետո մութը վերադառնում է, եւ երկար տարիներ մարդը լինելու է նույնքան չպահանջված:

Իսկ հիմա բոլորն են ձիու վրա՝ ե՛ւ Գարեգին Չուգասզյանը, ե՛ւ Սասնա ծռերը, ե՛ւ վարչապետը, ե՛ւ Տիգրան Մուկուչյանը, ե՛ւ Ալեն Սիմոնյանը, ե/ւ Միհրան Պողոսյանը, որը միամտաբար խոսում է նոր իշխանության վենդետաներից, ե՛ւ դպրոցի տնօրենն ու քաղքենին, որն ամպամած եղանակին անգամ ստվեր է փնտրում: Իրականում բոլոր հեղափոխությունները պատմում են մի կերպարի՝ Դոն Կիխոտի մասին: Հենց նա է ձիու վրա: Հենց նրան է, որ չի կանգնեցնելու չափած-ձեւած աշխարհը, որտեղ սխրանքների համար ոչ մի կամավոր ՀՀԿ-ական չկա, որ պատրաստ լինի մեռնելու:

Այս հեղափոխության դոնկիխոտները հասնում են հարյուր հազարների:

Բոլորը հանկարծ հասկացել են, որ ինչ-որ բան մնացել է չասված, բոլորը հանկարծ ճանաչել են իրենց կարեւորությունը մի աշխարհում, որը միշտ մեկ բան է ասում՝ սխրանքը ձեր մեջ է, ձեզանից դուրս սխրանք չկա:

Հեղափոխության սխրանքները մարդու աշխարհից դուրս են՝ կրթության եւ գիտության նախարարը վազում է դպրոցներ, որ անձամբ բռնի դրամահավաք իրականացնողի ձեռքը, սփյուռքի նախարարն առաջարկում է դրսից տղա բերել պետական կառավարման վրա, իսկ Արմեն Աշոտյանը Հ1-ից բարեխիղճ մոնտաժ է պահանջում՝ ինքն իր իրականությունում չկա:  Եվ իզուր է մի ամբողջ երկիր մեր իրականությունում փնտրում «Անասնաֆերմա»: Ով աչք ունի կտեսնի, որ հնարավոր չէ այդ ստեղծագործությունը փնտրել հենց այդ իրականության մեջ, պետք է դուրս գալ այդ իրականությունից: Ամեն ինչ ածանցյալ է դրան:

Հեղափոխությունը «Անասնաֆերմային» կողքից կամ վերեւից հայելիք հայացքը չէ: Դոն Կիխոտը «Անասնաֆերմայի» մեջ ծնվող կերպար է, նույնիսկ եթե ոչ մեկը դեռ անասուն չէ: Եվ հազիվ թե նկատվի սարսափելին՝ Դոն Կիխոտ են բոլորը, ոչ ոք ժամանակ չունի առանձնանալու, մեկուսանալու եւ իմաստավորելու, որ հեղափոխության չսրբագրված մարտահրավերներից օր առաջ պետք է ազատվել: Որովհետեւ ամեն ինչ այստեղ տանում է դեպի ուրիշի վրա իշխանության ձգտում:

Այո, բոլորը պայքարում են, այո, ոչ ոք այլեւս նախկինը չէ, բայց նրանք երբեք չեն ազատվի հեղափոխության մեջ միայնակ հերոսի անպտուղ դերից, երբ կհասկանան, որ մինչ սուր էին ճոճում հանուն ընդհանուր արժեքների հաղթանակի, հեղափոխությունը հրաբխի ծխի նման տարրալուծվում է օդում, իրականությունը պարզվում է, եւ յուրաքանչյուրը տեսնում է, որ այդ ընթացքում ավարտվել է իշխանության համար տրվելիք կռիվը: Դա է բոլորին տարբերում Դոն Կիխոտից եւ «հարմարավետորեն» տեղավորում «Անասնաֆերմայում» իրեն վերապահված դերի մեջ:

Հեղափոխությունն այդպիսի բան է, իր կարճ առաքելության մեջ բոլորի նպատակների ընդհանուր գործիքն է, բայց ինքը սիրում է բեմը լքել միայնակ՝ առանց որեւէ մեկին երես տալու: Ինչպես վիճակախաղ, որտեղ բոլորը չէ, որ շահում են, երբեմն նույնիսկ՝ ոչ մեկը: