25.05.2018 14:46

Հույս ունեմ՝ ընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը

Հույս ունեմ՝ ընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին: 

Փաշինյանը նաեւ հանդես է եկել ելույթով, որտեղ նախ կարեւորել է զինծառայողների նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու հարցը:

«Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր: 

Փաշինյանը անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերում բանակի միջամտությունը բացառելու հանգամանքից:

«Հույս ունեմ, որ մենք մեկընդմիշտ փակել ենք քաղաքականությանը բանակի կողմից ուղղակի կամ անուղղակի միջամտությունների էջը: Բանակը պաշտպանում է մեր երկրի սահմանները, անվտանգությունը: Բանակ ասելով՝ ես ընկալում եմ զինվոր, որը դեմքով կանգնած է դեպի հակառակորդը և թիկունքով կանգնած է դեպի հայրենիքը: Վստահ եմ, որ բանակը քաղաքական առումով ետ նայելու իրավունք չունի: Բանակի աչալուրջ հայացքը պետք է ուղղված լինի դեպի հակառակորդը, և այդ սկզբունքը պետք է պահպանել ու պաշտպանել բոլոր մակարդակներում»,- ասել է Փաշինյանը: