26.05.2018 16:00

ՉԼ.Եզրափակիչ. «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ». Խաղից առաջ

ՉԼ.Եզրափակիչ. «Ռեալ Մադրիդ» – «Լիվերպուլ». Խաղից առաջ

Մայիսի 26, մեկնարկը՝ 22:45, Կիև, «Օլիմպիական» մարզադաշտ

Մրցավար՝ Միլորադ Մաժիչ

Եվրոպական ակումբային խաղաշրջանի եզրափակիչ խաղում միմյանց դեմ պայքարի դուրս կգան թիմեր, որոնք բավականաչափ ընդհանրություններ ունեն: Ասվածն առաջին հերթին վերաբերում է  հակագրոհային ֆուտբոլին և այս հարցում թե´ մերսիսայդցիները, թե´ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հավասարը չունեցան:  Հենց այսպիսի ֆուտբոլն է, որ 2 թիմերին էլ հնարավորություն տվեց հաղթել հզոր հակառակորդներին և դուրս գալ եզրափակիչ: Ակնհայտ է, որ ֆուտբոլային աշխարհն այսօր կտեսնի գեղեցիկ, գոլերով հարուստ ու գրավիչ ֆուտբոլ:

Ներկայիս «Ռեալին» ու «Լիվերպուլին» միմյանց հարազատ են դարձնում ոչ միայն առավելությունները, այլ նաև թերությունները:  2  թիմերն էլ բավականաչափ թերություններ ունեն պաշտպանությունում, հատկապես  լավ պաշտպանվող մրցակցի հետ դիրքային պայքարում: Շատ նմանություններ կարելի գտնել նաև «բլանկոսների» և «կարմիրների» դարպասապահների միջև. թե´ Կեյլոր Նավասը, թե´ Լորիս Կարիուսը ունակ են անհավանական արդյունավետ խաղ ցուցադրել, ինչպես նաև  անսպասելի ճակատագրական սխալներ գործել:

Անկասկած, Չեմպիոների լիգայի եզրափակիչն այն խաղը չէ, որի ընթացքում ֆուտբոլիստներն ակնհայտ ռիսկի կդիմեն: Իհարկե, ինչ-որ պահի «Ռեալն» ու «Լիվերպուլը» կխաղան առանց դաշտի կենտրոնի՝ կազմակերպելով հակագրոհներ, սակայն ոչ ամբողջ խաղի ընթացքում: Երբ խաղասեղանին է դրված այդպիսի հեղինակավոր տիտղոս, հակառակորդներից յուրաքանչյուրը կփորձի առավելագույնս ուշադիր լինել և օգուտ  քաղել միմյանց սխալներից: Այստեղ է, որ մեծ դեր կխաղա այն տակտիկական ռազմավարությունը, որը կառաջարկեն Զինեդին Զիդանն ու Յուրգեն Կլոպը:

Ժամանակն է  անդրադառնալու նաև այս 2 թիմերի մարզիչների նմանությանը. չէ՞ որ թե´ ֆրանսիացին, և թե գերմանացին առաջին հերթին խենթ մոտիվացնողներ են, սակայն ոչ լավ ռազմավարներ:  Այնուհանդերձ, Զիդանը պետք է կարողանա լուծել  աջ եզրի պաշտպանության խնդիրը, որտեղ այս տարի Մարսելոն ամենևին չի փայլում:  Այս հակամարտությունում բրազիլացին ստապված է խաղալ Սալահի հետ, մի ֆուտբոլիստ, ում կանգնեցնելն անհավանական դժվար է: Բնականաբար, սա հասկանում է նաև Զիդանը և անչափ հետաքրքիր է, թե ինչպես է նա այս եզրը կարգավորելու:

Համանման խնդիրներ ունի նաև Կլոպը և պատճառը Կրիշտյանու Ռոնալդուն է:  Պորտուգալացին գլխացավի առիթ կարող է դառնալ ցանկացած թիմի ու  ցանկացած մարզչի համար: Ռոնալդուին չկարողացան կանգնեցնել անգամ պաշտպանողական ֆուտբոլի այնպիսի հսկաներ, ինչպիսիք «Ատլետիկոն» ու «Յուվենտուսն» են:  Այս դեպքում ի՞նչ կարող ենք ասել «Լիվերպուլի» մասին, մանավանդ, երբ պաշտպանության կենտրոնում խաղում է անկայուն խաղ ցուցադրող Լովրենը, շատ  տաղանդավոր մի ֆուտբոլիստ, որը Ռոնալդուի փորձի դեմ կարող է անզոր լինել:

Այս հանդիպման ելքը  կարևոր է հատկապես  Զիդանի համար: Մադրիդցիների մարզչի դիրքերը այս պահին կայուն չեն և նույնիսկ հաղթանակը «Լիվերպուլի» հետ խաղում կարող չփրկել ֆրանսիացուն: Մարզիչը  նշանակալի արդյունք է գրանցել ակումբում, սակայն ոչ այս տարի:  Բոլոր մրցաշարերում, Զիդանի օրոք, Մադրիդն անցկացրել է 148 հանդիպում, հաղթել է 103-ում և պարտվել է 16 անգամ: Խփել է 390, բաց թողել 159 գոլ:

Նույն ժամանակահատվածում թիմը երկու անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ՝ Եվրոպայի Սուպերգավաթակիր, երկու անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող և մեկ անգամ էլ՝ Իսպանիայի Սուպերգավաթակիր: Նույնիսկ Մադրիդի չափանիշներով նշվածը փայլուն արդյունք է:

Աշխատանքը՝ Զիդանի գործելաոճի հիմնաքարն է: Երբ նա ընդունեց թիմը Ռաֆայել Բենիտեսից, բացատրեց ֆուտբոլիստներին հասարակ բանաձև՝ շատ աշխատել, ավելի շատ աշխատել և արդյունքներ կլինեն: Նույնսիկ 2016 թվականի Չեմպիոնների Լիգայի խաղարկության եզրափակչից առաջ Զիդանն ասել էր, որ հաղթանակի գրավականը լինելու է «վազել, վազել և վազել»:

Այդ խոսքերի արձագանքը լսվում էր նախորդ մրցաշրջանում: «Սպորտինգ Խիխոնի», «Վալենսիայի», «Բետիսի» և «Լաս Պալմասի» հետ խաղերում, շնորհիվ վերջին րոպեներին կորզած հաղթանակների` «Ռեալը» կարողացավ դառնալ Իսպանիայի չեմպիոն: Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում հաղթեցին «Նապոլիին», «Բավարիային» և «Յուվենտուսին»:

Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդը բացառիկ, աշխատասեր և մտածող ֆուտբոլիստների կոլեկտիվ է, բայց խաղադաշտում դառնում է ֆուտբոլիստների հավաքածու, որը շատ մեծ դժվարությամբ կարողանում է գերազանցել մրցակիցներին:

Չկա ոչ մի ազդանշան, որի վրա հիմնվելով կարելի է ասել, որ սա Զիդանի թիմն է: Եվրոպայի ակումբային չեմպիոնները շատ քիչ են արժանացել ծափահարությունների՝ պարտվելով «Ժիրոնային» և «Էսպանյոլին», «Լևանտեի» հետ ոչ-ոքիից և «Լեգանեսի» հետ գավաթային խաղում կրած պարտությունից հետո:

Այս կարևոր հանդիպումից առաջ շատերն էլ  առաջին հերթին առանձնացնում են կողմերի առաջատար խաղացողներին և փորձում համեմատել նրանց: Նշվում է, որ առաջիկա հանդիպումը կարող է մի շարք հարցերի պատասխան տալ, մասնավորապես կընդգծվի այն խաղացողի անունը, որը կհավակնի «Ոսկե գնդակ» մրցանակին: Հնարավոր թեկնածուներից են Ռոնալդուն ու Սալահը և Կիևում կայանալիք խաղից շատ բան է կախված:

Պորտուգալացի Ռոնալդուն գրեթե տասը տարի փայլում է Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկով, մինչդեռ Սալահը միայն ընթացիկ մրցաշրջանում ստիպեց հիացմունքով խոսել իր ցուցադրած ֆուտբոլի մասին՝ դառնալով տարվա հայտնություն: Հիշեցնենք, որ եգիպտացին ընթացիկ մրցաշրջանի սկզբում տեղափոխվեց «էնֆիլդ» Հռոմի «Ռոմայից»:

Աներկբա է, որ Կիև տանող ճանապարհին այս խաղացողները մեծ դերակատարում ունեցան իրենց թիմերի հաջողություններում: Ռոնալդուն կփորձի օգնել «սերուցքայիններին» երրորդ տարի անընդմեջ նվաճելու բաղձալի տիտղոսը: Սալահն իր հերթին ամեն ինչ կանի, որ «կարմիրներին» պատմության մեջ վեցերորդ անգամ տիրանան Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթին:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած Ռոնալդուն ու Սալահը խփել են 44-ական գոլ, միայն Լիոնել Մեսսին է ավելի շատ գոլ խփել (45):

Եգիպտացի ֆուտբոլիստն իր գոլերի 82 տոկոսը խփել է ձախ ոտքով, պորտուգալացին գոլերի 61 տոկոսը՝ աջ ոտքով:

Երկու խաղացողն էլ ընթացիկ մրցաշրջանում ունեցել են հանդիպումների շարք, երբ խաղադաշտից չեն հեռացել առանց գոլ խփելու: Սալահը 12 խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դարձել` օգնելով թիմին տանել 9 հաղթանակ, ևս երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի: Այդ ընթացքում լիվերպուլցիները հաղթահարել են «Մանչեսթեր Սիթիի» ու «Ռոմայի» արգելքները Չեմպիոնների լիգայի խաղարկության համապատասխանաբար քառորդ եզրափակչի ու կիսաեզրափակչի շրջանակներում:

Ռոնալդուի գոլերի շնորհիվ նման անպարտելի շարք է ունեցել նաև Մադրիդի «Ռեալը»՝ կազմված 9 խաղից: Այդ ընթացքում թիմը տարել է 8 հաղթանակ և մեկ խաղ ավարտել ոչ-ոքի: Պորտուգալացին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է` խփած 15 գոլով, մինչդեռ Սալահը դարձել է 10 գոլի հեղինակ, ինչպես նրա թիմակից Ռոբերտո Ֆիրմինոն:

Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում 5 անգամ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր, հույս ունի, որ այսօր կդառնա առաջին ֆուտբոլիստը, որը հինգերորդ անգամ կնվաճի Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը: Վերջին չորս մրցաշրջանից երեքում պորտուգալացին պատվավոր ավարին տիրացել է մադրիդցիների կազմում, իսկ 2007/08 թթ. մրցաշրջանում` «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

1992 թվականից սկսած, ինչ մրցաշարը կրում է Չեմպիոնների լիգա անվանումը, միայն Անդրես Ինյեստան ու Կլարենս Զեյդորֆն են խաղացել ու հաղթել խաղարկության չորս եզրափակչում: Ռոնալդուն 4 գոլ է խփել անցկացրած հինգ եզրափակչում: Մեկ այլ ոչ մի խաղացողի չի հաջողվել երկու գոլից ավելի  խփել: Ավելին, պորտուգալացին մտադիր է կրկնել նաև Պաուլո Մալդինիի արդյունքը, որը վեց անգամ խաղացել է եզրափակչում:

Թեև այսպիսի վառ աստղերի, ինչպիսին Ռոնալդուն ու Սալահն են,  այնուհանդերձ, միայն նրանք չեն, որ կորոշեն այս հանդիպման ելքը: Շատ բան պայմանավորված կլինի թիմերի միջին գծից, որտեղ «Ռեալը» աչքի է ընկնում աստղային անուններով: Անշուշտ, Միլերի ու Հենդերսոնի կողքին Կրոսսն ու Մոդրիչը մեծ առավելություն են ստանում: Շատ մեծ նշանակություն կարող է ունենալ նաև առաջին գոլը: Այն թիմը, որն առաջինը կբացի խաղի հաշիվը, հնարավորություն կստանա անցնելու հոգեհարազատ հակագրոհային ֆուտբոլի՝ պատժելով առաջ ընթացող հակառակորդին: Այնպես որ, խաղասկիզբին 2 թիմերն էլ շատ զգույշ կլինեն, քանի որ ցանկացած դարպասում խփած գոլը կարող է բացել խաղը և երկրպագուներին նվիրել գոլերի հրավառություն: