18.01.2013 00:21

Ալժիրում պատանդառվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա՞. ՀՀ ԱԳՆ–ն դեռ տվյալներ չունի

Ալժիրում պատանդառվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա՞. ՀՀ ԱԳՆ–ն դեռ տվյալներ չունի
© AFP/ Statoil / Kjetil Alsvik

Ալժիրում պատանդառվածների թվում նաև Հայաստանի քաղաքացի կա: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, որն իր հերթին հղում է անում «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում:

Հիշեցնենք՝ նախօրեին իսլամիստ ծայրահեղականները հարձակում էին գործել գազային հանքավայրերից մեկի վրա և պատանդ վերցրել տասնյակ օտարերկրացիների: Գրոհայիններն այժմ հաստատում են, որ գերեվարել են մոտ 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների:

Բանակցություններ սկսելու համար մենք պահանջում ենք դուրս բերել Ալժիրի զինված ուժերը հանքավայրի տարածքից», - «Ալ-Ջազիրա»-ին ասել է զինյալներից մեկը:

Վերջինս նաև պնդել է, թե ալժիրցի դիպուկահարները կրակ են բացել այն տարածքում, որտեղ գերիներն են պահվում, ինչի արդյունքում նրանցից մեկը՝ ենթադրաբար՝ Ճապոնիայի քաղաքացի, վիրավորվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայտնի է, որ երկրի արևելքում՝ Լիբիայի հետ սահմանին իրականացվող «Ին Ամենաս» ծրագրին մասնակցում են մի շարք հեղինակավոր ընկերություններ, այդ թվում՝ British Petroleum-ը և նորվեգական Statoil-ը։ BBC-ի հաղորդմամբ` գրոհայինները պահանջում են ավարտել հարևան Մալիում իրենց համախոհների՝ իսլամիստ գրոհայինների նկատմամբ սկսված «ֆրանսիական» հարձակումը: «Այս քայլով մենք նաև վրեժխնդիր ենք լինում Ալժիրի կառավարությունից, որը համաձայնեց բացել օդային տարածքը ֆրանսիական ռազմական օդուժի համար», - հայտարարում են նրանք:

Ալժիրի կառավարությունը պնդում է, թե մշտական դիվանագիտական կապ է պահպանում այն երկրների հետ, որոնց քաղաքացիները գերի են դարձել հանքավայրում:

Հայաստանի արտգործնախարարությունը առայժմ այս տեղեկությունը որևէ կերպ չի մեկնաբանում:

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն աշխատանքներ է տանում՝ պարզելու` Ալժիրում զինված խմբավորման առևանգած 41 արտասահմանցիների մեջ հայեր կան, թե ոչ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է  ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ դեռ վերջնական տվյալներ չկան: