30.05.2018 14:00

Արսեն Գրիգորյան. Չձեռագրվող ողբերգություն

Արսեն Գրիգորյան. Չձեռագրվող ողբերգություն

ՀՀԿ-ում սկսվում է առնետավազքը: Ինչպես ասում են՝ կաշեփոխության բորսան դանդաղ է արձագանքում հեղափոխության քամիներին:

Հունիսի սկզբին խորհրդարանում պետք է ներկայացվի կառավարության ծրագիրը: Նոր իշխանությունն այս պահին 49 կողմնակից ունի ԱԺ-ում: Պակասում են եւս 4-ը, որպեսզի կառավարության ծրագիրը տապալվի եւ Հայաստանում տեղի ունենան խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Նոր կառավարությունն այդ 4-ին ձեռք բերելու ոչ մի խնդիր չունի: Սակայն այստեղ մի խնդիր կա՝ եթե իշխանությունն ուժեղանում է նույն ձեռագրով, որով ուժեղացավ 1998-ի փետրվարին, այսինքն, առնետավազքով, նշանակում է ինքն իր մեջ ուժ չունի ապավինել հեղափոխությանը: Այստեղ դատապարտելի ոչինչ չկա, քանի դեռ ինքը՝ նոր իշխանությունը չի դառնում իր հզորացման զոհը:

Պարզ է, որ նոր ընտրություններն անխուսափելի են: Պարզ է նաեւ, որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում հազիվ է հաղթահարելու 5-ից 7 տոկոսը: Արդար ընտրությունների պարագայում սա նույնիսկ մեծ թիվ է համարվելու: Հիմա ի՞նչ վիճակ է: Մենք ունենք ամբողջությամբ հեղափոխված ժողովուրդ, որը քաղաքական այլ մշակույթի պահանջ ունի: Մենք ունենք մի իրականություն, որտեղ պետք է աշխատեն խաղի բոլորովին այլ կանոններ: Սակայն վերեւում իշխանությունը դեռ երկբեւեռ է: Այսինքն, դիմադրության օջախներ կան: Նոր իշխանությունը ոչ մի կասկած, որ այս օջախները չեզոքացնելու է, նույնիսկ խորհրդարանում արտահերթ ընտրությունների ուշանալու պարագայում ՀՀԿ մեծամասնությունը վերանալու է:

Մենք ողբերգական ժամանակներ ենք ապրում: Առաջին անգամ ունենք ընդդիմություն, որը թույլ չէ, բայց բացարձակ վստահություն չի վայելում: Այսինքն, ժողովուրդն ինքը չի ուզում էդ քաղաքական ուժին՝ ՀՀԿ-ին տեսնել ընդդիմություն: Նույնիսկ 1998-ի փետրվարին ՀՀՇ-ն Վանո Սիրադեղյանի առաջնորդությամբ արդեն իսկ «նայվում» էր որպես ընդդիմություն: Ռոբերտ Քոչարյանը չէր թաքցնում, որ ՀՀՇ-ն մի ընդդմիություն է, որի հետ պիտի հաշվի նստի: Որովհետեւ ընդդիմությունն այնուամենայնիվ ինտելեկտուալ էր: Այսօր ՀՀԿ-ն ուղղակի քաղաքական ասպարեզից վերանալու փաստի առաջ է կանգնած, կուսակցության խորհրդարանական վերնախավը Սարդարապատ չի հրավիրվում էթիկայի բոլոր կանոններին հակառակ, ու դա իսկապես զվարճացնում է, ոչ մեկը ցավ չի ապրում: Իսկ ՀՀԿ-ի փնփնթոցներն էլ ավելացնում են զվարճալիքը: Եվ հիմա պատկերացրեք, որ այս կուսակցության վերնախավն սկսի փախչել կուսակցության տակից: Ճիշտ է, նոր իշխանությունը նրանց գրկաբաց չի սպասում: Ճիշտ է նաեւ, որ այդ փախուստն ընդհանուր զվարճալիքի մաս է: Բայց այդ վերնախավում ողբերգական մարդիկ են, ընդունենք, թե չընդունենք: Նրանք երեխաներ ունեն՝ այսօրվա երիտասարդների տարիքի կամ ավելի փոքր:

Սարսափելի է, երբ պատեհապաշտության քո ուսուցիչը հարազատ հայրդ է: Սա չձեռագրվող ողբերգություն է: Էդուարդ Շարմազանովի դուստրը կարող է արտասվել հայրիկին վիճակվածի համար: Բայց նա շուտով ավելի սարսափելի բաներ իմաստավորելու առիթներ կունենա: Կոռուպցիոն հազարավոր շղթաներ են բացվելու, հիշելու է դրանց մեջ ներքաշվածների սրտակեղեք կապերը հայրիկի հետ: Հոգեբաններ պետք է աշխատեն այդ երեխաների հետ: Այդ երեխաների հայրիկները դարձել են իրենց զավակների քրեակատարողական հիմնարկը, որտեղից դուրս գալուց հետո նոր աշխարհին հարմարվելու հոգեբանական կուրսեր պիտի անցնեն:

Գուցե պետք չէ, որ մենք նրանց դարդը լացենք: Ի վերջո նրանք պետություն են թալանել առանց աչք թարթելու: Գուցե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նման արդեն իսպանիաներում են եւ ՊԵԿ նորանշանակ նախագահի նման նորերը առանց վատ զգալու համար ասեն, որ կապի մեջ են նախկինների հետ եւ մի քանի խորհուրդներ ունեն լսելու կամ նման մի բան: Բոլոր դեպքերում այդ երեխաների մասին մտածելը նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին չէր խանգարի: