18.01.2013 00:23

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությանը

 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը` նախարարի տեղակալ Վարդան Արամյանի գլխավորությամբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կենսաթոշակային բարեփոխումներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ կենսաթոշակային համակարգը հանդիսանում է սոցիալական ապահովության կարեւորագույն բաղադրամասերից մեկը, որն առնչվում է թե տնտեսական, եւ թե բարոյական մի շարք գործոնների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով համակարգում բարեփոխումների իրականացումն ինքնին պահանջում է հավասարակշռված ու համակարգված մոտեցում:

Արցախի ղեկավարը կարեւորել է միջազգային փորձի ուսումնասիրությունը եւ  այս գործընթացում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցությունը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք: