30.05.2018 15:15

Լիզա Ճաղարյան. «Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է» խնդիրն ու դրա շուրջ

Լիզա Ճաղարյան. «Արամ Սիմոնյանը հոսպիտալացվել է» խնդիրն ու դրա շուրջ

Հեղափոխությունը ծայրահեղ քայլ է։ Նման քայլերն էլ, բնականաբար, հղի են անակնկալներով։ Հաճելի եւ տհաճ։

Հաճելին ատելի վարչակարգի հեռացումն է, տհաճը՝ հնարավոր կտրուկ հետեւանքները, որոնցից զերծ չի եղել ոչ մի հեղափոխություն, որովհետեւ նվաստացված հասարակությանը վերջապես հնարավորություն է տրվում իրենց հոգիներում տարիներով կուտակված զայրույթը պարպելու։ Եվ այդ ատելությունն ավելի հաճախ բռնություններով, նույնիսկ սպանություններով է ուղեկցվում։

Այս հեղափոխությունը, բարեբախտաբար, ընթացավ առանց բռնությունների։ Եթե նույնիսկ եղա՛ն բռնություններ, ապա դրանց հեղինակներն իշխանության մանկլավիկներն էին։

Եվ առնվազն տարակուսելի են այսուայնտեղից հնչող մարդասիրության ու հանդուրժողականության կոչերը։ Առավել մարդասեր հնարավո՞ր է լինել մի իշխանության նկատմամբ, որի ձեռքերն արյունոտ են։

Հո Մարտի 1-ը չե՞ք մոռացել մարդասիրության ալյակների վրա օրորվելիս։ Հո չե՞ք մոռացել, որ 2008-ին խաղաղ քնած մարդկանց վրա Քոչարյանի ենիչերիները հարձակվեցին, ինչին հաջորդեցին անզեն ցուցարարների սպանությունները։

Ամենակարեւորը՝ հո չե՞ք մոռացել, որ Սերժիկ Սարգսյանը առնվազն տասը զոհերի արյան վրայով հասավ իշխանության։ Հո չե՞ք մոռացել, որ տասը երիտասարդների սպանության համար ոչ ոք չպատժվեց։

Հո չե՞ք մոռացել, որ Հայաստանը մեր տարածաշրջանի ամենաստորացված պետությունն էր նախորդ իշխանության վասալական կեցվածքի պատճառով՝ այն աստիճան, որ բարձրաձայն քննարկվում էր նաեւ օտար լեզվին պետական կարգավիճակ տալու մասին հարցը։ Անկա՛խ Հայաստանում։ Հիշեցնեմ. նույնիսկ սովետի տարիներին ընդամենը մեկ անգամ է նման փորձ արվել, այն էլ՝ անհաջող փորձ։ Պատկերացրի՞ք՝ ուր էինք հասել Էդիկ Շարմազանովի պաշտելի առաջնորդի օրոք։

Արժե՞ թվարկել, թե քանի-քանի քաղբանտարկյալ ենք ունեցել այս տարիներին, եւ թե ինչ տառապանքներ ու զրկանքներ են կրել նրանց ընտանիքները։

Մենք տեղյա՞կ ենք, թե ապօրինությունների դեմ անզորությունից կարկամած քանի քաղաքացու սիրտ է դադարել բաբախելուց, քանի ընտանիք է քայքայվել, որովհետեւ տղամարդիկ օտար ափերում հացի փող վաստակելու են մեկնել ու այլեւս չեն վերադարձել։ Տեղյակ են միայն այդ մարդկանց հարազատները։ Որովհետեւ նրանք շարքային քաղաքացիներ են, «հռչակավոր» չեն նախկին իշխանավորների նման, որոնք հենց փռշտում են, մի քանի տասնյակ թաշկինակ է մատուցվում նրանց, որ փսլինքները մաքրեն։

Ես թվարկեցի նախկինների չարագործությունների չնչին տոկոսը։

Եվ նույնիսկ թվարկվածներն են լիուլի բավարար կրկին տարակուսելու համար աջից-ձախից հնչող հանդուրժողականության կոչերի համար։

Սրանից ավելի հանդուրժողական հնարավո՞ր է լինել։

Սրանից ավելի հանդուրժողականությունը նշանակում է ազգովի գնալ ու հայցել «տառապյալ» եւ «քաղհալածյալ» իշխանավորների ներողամտությունը, որ «առանձնահատուկ դաժանությամբ» խաթարել ենք նրանց հովվերգությունը։

Տարակուսելի են նաեւ նախկին հանցագործներին ներելու կոչերը։

Հարգելիներս, ՆԵՐՈՒՄ ԵՆ իրենց կատարած չարագործությունների համար «ՄԵՂԱ» ասողներին։

Ուշադիր նայեք ու լսեք շարմազանովներին, բաղդասարյաններին ու մնացած գալուստսահակյաններին։ ՀՀԿ-ականների եւ իրենց «անփոխարինելի» ղեկավարի «աննախադեպ» պետականամետության, հայրենիքին անմնացորդ նվիրվածության եւ անձնազոհության մասին ամբարտավան ճառերից բացի՝ այլ բան լսե՞լ եք սրանցից։ Թեկուզ՝ կեսբերան։ Չէ, չեք լսել։ Չեք էլ լսելու։ Սրանք մարաղ մտած սպասում են հարմար պահի, որ կրկին զավթեն իշխանությունը։ Սրանք պատրաստ են եւ ընդունակ են ցանկացա՛ծ դավադրության։ Այլ հարց է, որ դա չի հաջողվի իրենց։ Բայց պարզից պարզ է, որ ՀՀԿ-ականները Հայաստանի քաղաքացիներից մինչ օրս ներողություն չեն խնդրել եւ եթե մի բան են տենչում՝ այս նույն քաղաքացիների հաղթական ընդվզումը նրանց քթից բերելն է։

Կարճ. Հայաստանի քաղաքացիներն անսահման հանդուրժող էին հեղափոխության օրերին եւ առավել հանդուրժող են հեղափոխությունից հետո։

Եվ նրանց ուղղված մարդասիրության դասերն առնվազն տարօրինակ են եւ բացարձակ անհիմն։

Հ.Գ. Չգիտեմ՝ ով ինչ է հիշում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կենսագրությունից, իսկ ես հիշում եմ նրա ստորաքարշ դիրքը Սերժիկ Սարգսյանի առաջ եւ մեկ էլ «սաքուլիկներին», որոնց ոչ միայն փայփայում էր հարգարժան ռեկտորը, նաեւ՝ ցուցարարների նկատմամբ բռնություններից հետո նրանց պարագլխին «պարգեւատրեց» պաշտոնով։

Առողջություն եմ մաղթում պարոն Արամ Սիմոնյանին։