31.05.2018 12:48

Արսեն Գրիգորյան. Սատանան միշտ է եղել քաղաքում

Արսեն Գրիգորյան. Սատանան միշտ է եղել քաղաքում

Ես չգիտեմ, թե ով է համասեռամոլը: Ինչպես չգիտեմ, թե ով է մարդը, որը ծնվում է ալբինոս կամ սեւամորթ: Մարդն ուղղակի այդպես է ծնվում: Երեխան ծնվում է սրտի արատով: Կարող է ծնվել համր: Կամ կույր: Կամ՝ պարզապես առողջ:

Այո, երեխաներ կան, որոնք կուրանում են հընթացս: Հընթացս համրանում են: Երեխաներ կան, որոնք վաղ տարիքում հիվանդանում են դիաբետով: Ի դեպ, կան նաեւ ի ծնե հիվանդ երեխաներ, որոնք հընթացս առողջանում են: Նույնիսկ մահացած ծնվածն է հընթացս կենդանանում: Այդպես էլ կարող է մարդը հընթացս հայտնաբերել, որ համասեռամոլ է:

Ես չեմ հասկանում, երբ հանճարեղ երգիչ Էլթոն Ջոնի սեռական կողմնորոշումը դառնում է թեմա: Ինքն այդպիսին էր նույնիսկ այն ժամանակ, երբ խիստ ավանդապահ Մեծ Բրիտանիան դեռեւս չէր կողմնորոշվել, թե ինչ վերաբերմունք ունենա համասեռամոլների հանդեպ: Էլթոն Ջոնն իր հանճարով ապացուցեց, որ սեռական կողմնորոշումը արվեստի մեջ գեղագիտական դիրքորոշում չէ, ֆաշիզմի հանդեպ համակրանք չէ եւ ընդհանրապես մշակութային կամ քաղաքական ագրեսիա չէ: Դա անհատականության բարոյական տարբերանշան չէ, եւ որ Պյոտր Չայկովսկին նույնպիսի մարդ է, ինչպես Ռիխարդ Վագները:

Սեռական կողմնորոշումը չի թելադրում, թե ինչպես պիտի գրվի «Կարապի լիճը» կամ «Դորիան Գրեյը»: Համասեռամոլ Օսկար Ուայլդը հենց այդ պատճառով հայտնվեց անգլիական բանտում եւ հենց այնտեղ հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսը մարդկության մեծագույն բանաստեղծն է: Նույն բանը պնդել է ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կույր հանճար Խորխե Լուիս Բորխեսը: Այո, որոշ հանճարներ չեն հասկանում մարդու ոչ ավանդական սեռական կողմնորոշումը: Էռնես Հեմինգուեյը գրականության թեմա էր դարձնում ուժեղ տղամարդուն, որովհետեւ «կանացի» տղամարդը նրա սարսափն էր: Հենց այդ սարսափի դեմ դեղամիջոց չգտնելն էլ սպանեց նրան: Որդին՝ Գրիգորին, պարզվեց կանացի հակումներ ուներ, մահացավ բանտում որպես աղջիկ:

Մարդը այլասերված է ոչ սեռական կողմնորոշմամբ, նա պարզապես այլասերված է: Հին հռոմեացի բժիշկ Սորանի ձեռամբ համասեռամոլությունը համարվում էր հոգեկան հիվանդություն: Ոչ այնքան հեռու անցյալում հոգեբանների միջազգային ասոցիացիան համասեռամոլությունը հեռացրեց հիվանդությունների ցանկից: Որովհետեւ նույնիսկ անբուժելի հիվանդությունը տեսականորեն բուժելի է: Աղջիկ սիրող տղային չես ստիպի սիրել տղայի: Բժշկական միջամտությամբ նրան գուցե դարձնես անսեռ: Որոշ օրգանների վրա կատարված միջամտությամբ կարելի է նույնիսկ սեռը փոխել: Բայց ինչպես դասականն է ասում՝ սեռը փոխելով սերը չես փոխի: Համասեռամոլությունը նույնիսկ որպես կատարված ընտրություն սարսափելի չէ:

Մարդը սիրող արարած է: Նրա համակրանքներում էականը սիրո արտահայտությունն է: Էլթոն Ջոնի երաժշտությունը բավարարված կամ չբավարարված սիրո արդյունք է, նրա տառապանքները հորդում են ներաշխարհից, որտեղից լսվում է «նվաճողի» կամ զոհաբերվողի ինքնավստահ կամ երկչոտ ձայնը: Ժո Դասսենի խոնարհ եւ բացարձակապես ոչ «նախահարձակ» երգարվեստը նրան «կին» չէր դարձնում:

Ագրեսիվ համասեռամոլությունը նույնքան սարսափելի է, որքան կին տեսնելիս բոլոր արժեքները կորցնող տղամարդը, որն, ի դեպ, պատմելու բան չունի: Որքան, ի դեպ, լաչառ կինը կամ դստերն «իրավունքի ուժով» ծեծող հայրը: Հիվանդությունն ինքնին սեռական կողմնորոշման մեջ չէ, այլ մարդկանց դատելու մեր հակումների: Մարդը համասեռամոլ է իր ֆիզիկական տարածքում, նա մեր նախագծի պարտությունը չէ, նա պարզապես այդպիսին է:  Մենք բոլորս անկրկնելի ենք հանդուրժողականության մեջ: Ագրեսիայի մեջ մենք անդեմության նույն կրողն ենք: Իսկ ագրեսիան բնորոշ է եւ համասեռամոլին, եւ խելագար հավատացյալին, եւ երեք զուլալ երեխա ունեցող հորը: Եվ այն նժդեհականը, որն Էլթոն Ջոնի մեջ տեսնում էր Հայաստան ներխուժած Սատանայի, չգիտի, որ Սատանան երբեք դիմացինի դեմքի արտահայտությունը չունի: