31.05.2018 15:37

Արմեն Սարգսյանի՝ «փոքր երկրի» ու «համաշխարհային ազգի» անբարո հեքիաթը

Արմեն Սարգսյանի՝ «փոքր երկրի» ու «համաշխարհային ազգի» անբարո հեքիաթը

Քաղաքականության մեջ կամ որ միեւնույնն է՝ ազգի համար չկա ավելի վտանգավոր բան, որքան ամբոխահաճությունը (պոպուլիզմ)։ Սա կարող է լինել մտածված, գիտակցված՝ ազգին քծնելու, հաճոյանալու միջոցով դիրքի ու պաշտոնի հասնելու համար։ Կարող է լինել նաեւ չգիտակցված, ինքնաբուխ՝ որպես տվյալ անհատի միջինից ցածր իմացությունների, խեղված պատկերացումների, տգիտության հետեւանք։ Գործնական քաղաքական իմաստով երկուսն էլ վտանգավոր են հավասարապես։

Ամբոխահաճության սնանկությունն ու վտանգավորությունը բացահայտվում են, երբ սա դրվում է բանականության, տրամաբանության հողի վրա։ Պարզապես, որպես կանոն, ցանկացած հասարակության մեծ մասը հակված է տրվելու իմացությունների մեծ բազա չպահանջող, արտաքուստ գայթակղիչ մեկքայլանոց պոպուլիզմին, ավելի փոքր հատվածին են հասու բանականության ու տրամաբանության հիմքի վրա որոշակի իմացություններ ենթադրող մի քանի քայլանոց հաշվարկները։

Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն իր «նախընտրական արշավը» անցկացրեց հայ ժողովրդի համար «համաշխարհային ազգ» ականջահաճո կապակցության հաճախակի օգտագործմամբ եւ հիմա էլ շարունակում է դա։

(Արդարացի լինելու համար, միջանկյալ, ասենք, որ «համաշխարհային ազգի» հեղինակային իրավունքը Վազգեն Մանուկյանինն է։ 90-ականների քաղաքական կյանքի մասնակիցներն անմիջապես կհիշեն սա։ Ազգին սիրաշահելու այս գործիքը նա օգտագործում էր իշխանության հասնելու համար եւ մինչ օրս էլ չի դադարել կրկնել այդ դատարկաբանությունը)։

Արմեն Սարգսյանի տարբերակը հնչում է փոքր ինչ ընդարձակ՝ «փոքր երկիր՝ համաշխարհային ազգ» կարգախոսի տեսքով։

Հետաքրքիր է՝ մեկ միլիարդի սահմանը վաղուց հատած Չինաստանում կամ Հնդկաստանում որեւէ մեկը նման բնորոշում օգտագործո՞ւմ է իր ազգի համար։ Դժվար թե։ Այսինքն՝ տվյալ կապակցության մեջ «համաշխարհային ազգը» պիտի նշանակի աշխարհով մեը սփռված լինելու, բուն երկրում ապրողների համեմատ մեծաթիվ սփյուռք ունենալու փաստը։ Իսկ դրանում դրական, պարծենալու, հպարտանալու, ոգեւորվելու ինչ-որ բա՞ն կա։ Դա ազգի շնորհքի՞, տաղանդի՞, հանճարեղությա՞ն արդյունք է, պատմական բարեբախտության հետեւա՞նք։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ այո, հենց այդպես էլ կա, ու դրա հեղինակը սա հաճախ կրկնելով, իր կարծիքով, ցուցադրում է նաեւ իր հայրենասիրությունը եւ շոյում հայրենակիցների ազգային զգացումները։

Իսկ ընդհանրապես այս՝ աշխարհով սփռվածության չափանիշներով կա՞, գոյություն ունի՞ «համաշխարհային ազգ», որեւէ մեկն իրեն կարո՞ղ է այդպիսին համարել։ Կան ժողովուրդներ, որ անհիշելի ժամանակներից բնօրրան ու պետականություն չեն ունեցել, թափառական, թափառաշրջիկ կյանք են վարել, ցրված են աշխարհով մեկ, դրան սովորել - վարժվել են, այլ կերպ իրենց գոյությունը չեն էլ պատկերացնում։ Օրինակ՝ մեզ ծանոթ գնչուները։ Էլի կլինեն։

Հիմա ժողովրդին դուր գալու, սիրաշահելու Արմեն Սարգսյանի այս կարգախոսը զգացմունքային հարթությունից դնենք բանականության, տրամաբանության հարթության վրա։

«Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ» կարգախոսի առաջին բաղադրիչը՝ «փոքր երկիրը», բնականաբար, պածենալու, հպարտանալու բան չի, այդ արձանագրմամբ ոչ մեկին չես սիրաշահի։ Ակնհայտ է, որ այս կարգախոսի ծանրության կենտրոնը, ոգեւորության աղբյուրը, հեռանկարային համարվողը երկրորդ բաղադրիչը՝ «համաշխարհային ազգն» է, ինչը որպես բարեբախտություն ավելի է շեշտվում «փոքր երկրի» համադրությամբ ու նրա ֆոնին (ոչինչ, որ «փոքր երկիր ենք, դրա փոխարեն համաշխարհային ազգ ենք)։

Այսինքն թե՝ այս կարգախոսով շոյված ու ոգեշնչված հայությունը պետք է հասկանա, որ՝

-         աշխարհով մեկ սփռված լինելն ազգի շնորհքի, տաղանդի, հանճարի արդյունք է եւ պատմական բարեբախտություն,

-         տրամաբանորեն՝ որքան ավելի մեծանա երկրորդ բաղադրիչը, այնքան լավ ազգի համար, այնքան նա ավելի շատ հպարտանալու, պարծենալու առիթ կունենա,

-         «փոքր երկրից» հեռանալը, նրա քաղաքացիությունից հրաժարվելը որեւէ մեկին չպետք է հոգեբանական ամենաչնչին խնդիր իսկ հարուցի, արտագաղթողը ոչ միայն մնում է «համաշխարհային ազգի» լիարժեք անդամ, այլեւ նպաստում է մեր ազգի համար ավելի կարեւոր այս երկրորդ՝ հիմնական բաղադրիչի հզորացմանը։

-         ամբողջությամբ «համաշխարհային ազգ» դառնալը պետք է լինի մեր ազգային բաղձանքը, իսկ երանելի այդ վիճակին կհասնենք, երբ այս «փոքր երկրում» էլ հայ չի մնա, ինչը, ի հաճոյս Արմեն Սարգսյանի, կնշանակի՝ ավելի համաշխարհային ազգ։

Ի՞նչ է այս ամենը․ անհեթեթությո՞ւն, մառա՞զմ, իսկ գուցե պարզապես ազգային դավաճանությո՞ւն։

Հիմա տեսնո՞ւմ եք, թե ինչ է նշանակում տրվել ամբոխահաճություն-պոպուլիզմին։

Եւ այս ամենի հեղինակը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն է։ Եթե նա այս ամբոխահաճությանը գնում է գիտակցված՝ հանուն իր անձնական շահերի, ուրեմն լուրջ խնդիրներ ունի բարոյականության հետ, եթե անկեղծ է, ինքնաբուխ, ուրեմն՝ հակառակ իր կրթական եւ այլ տիտղոսների, տգետ է քաղաքական ասպարեզում։

Բայց Արմեն Սարգսյանն այս ամենի ոչ միայն հեղինակն է, այլեւ կրողը. նա անձնապես տվել է «փոքր երկիր՝ համաշխարհային ազգ» կարգախոսի գործադրման, դրանով առաջնորդվելու ցայտուն օրինակը։

Ինչպես հայտնի է, նա երկար տարիներ Հայաստանի Հանրապետության դեսպանն էր Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում։ Հետո այնպես եղավ, որ 2000 թվականին նրան զրկեցին այդ պաշտոնից։ Արմեն Սարգսյանն անմիջապես հրաժարվեց իր երկրի քաղաքացիությունից եւ ընդունեց օտար երկրի քաղաքացիություն։

Նա չէր կարող չիմանալ, որ «Չե-Պե», բարոյականության հետ խնդիր ունեցող, դատապարտելի քայլ է, երբ որեւէ երկրի դեսպան պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո հրաժարվում է այն երկրի քաղաքացիությունց, որն ինքը ներկայացրել է։ Իմացել է, պարզապես համարել է, որ դա վերաբերում է մեծ, հզոր, հայտնի երկրների։ Մինչդեռ ինքն ընդամենը մի արհամարհելի «փոքր երկրի» դեսպան էր, եւ այդ «փոքր երկիրն» էլ դեռ համարձակվում էր իրեն պաշտոնից ազատել… Կար նաեւ երկրորդ արդարացումը. ինքն այլ երկրի քաղաքացի դառնալով՝ շարունակում էր մնալ նույն «համաշխարհային ազգի» անդամ։ Իսկ «համաշխարհային ազգը», ինչպես տեսանք, առաջնային է, գերակա ու հեռանկարային՝ «փոքր երկրի» նկատմամբ։

Այլ բան է, որ այդ «փոքր երկիրն» իրեն պաշտոն է առաջարկում, օրինակ՝ Հանրապետության նախագահի պաշտոնը։ Վազելով է գալիս՝ թքած ունենալով այդ երկրում գործող օրենքների ու սահմանադրական արգելքների վրա։ Փոքր երկրին ի՞նչ օրենք ու սահմանադրություն…

Արմեն Սարգսյանի ամբոխահաճությունը չի սահմանափակվում միայն «համաշխարհային ազգ» պատվանունով հայ ժողովրդին քծնելուց։ Երբ նրան հարցնում են. «Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն», նա իմաստունի հեղինակավոր խոսքով եւ լուրջ դեմքով պատասխանում է. «Ես գտնում եմ, որ աշխարհի որեւէ երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն»։ Հարցնում են. «Ո՞րն է Ղարաբաղի հարցի ձեր լուծումը», նույնքան խորիմաստ պատասխանում է. «Ղարաբաղի հարցը ունի մեկ լուծում, դա բանակցային լուծումն է»։ Երբ հարցնում են. «Երբվանի՞ց եք վերականգնել Հայաստանի քաղաքացիությունը», պատասխանում է. «2011 թվականից ես Հայաստանի քաղաքացի եմ»։ Երբ փորձում են ճշտել. «Միա՞յն Հայաստանի քաղաքացի» (ինչպես Նախագահի պարագայում պահանջում է ՀՀ Սահմանադրությունը), նա թեթեւ կարմրելով՝ թութակի պես կրկնում է. «2011 թվականից ես Հայաստանի քաղաքացի եմ»։ Այն, որ Արմեն Սարգսյանը համառորեն խուսափում է «միայն» բառն արտասանելուց, նշանակում է, որ իսկապես թաքցնելու բան ունի։

Ինչպես տեսնում ենք, ամբոխահաճություն - պոպուլիզմը, իրոք, այլ հիմք չի կարող ունենալ կամ այլ կերպ չի կարող դրսեւորվել, քան անհեթեթության ու մառազմի տեսքով։

Եւ սա այն մարդն է, որը գիշեր-ցերեկ բարոյականության եւ օրինապաշտության բաժակաճառ հիշեցնող քարոզներ է կարդում ժողովրդի գլխին։

Հ. Գ. Սահմանադրական երկու արգելք կար Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու համար, որոնք երկու ամսից ավելի ամենաբուռն քննարկման առարկա էին։ Դրանցից առաջինը ՀՀ նախագահի՝ ոչ թե խորհրդարանի, այլ համաժողովրդական ուղիղ քվեարկությամբ ընտրվելու պահանջն էր։ Դա շրջանցվեց։ Երկրորդը՝ վերջին վեց տարում միայն Հայաստանի քաղաքացի լինելու պահանջն էր։ Համապատասխան փաստաթուղթը (Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու ամսաթիվը պարունակող տեղեկանքը) ժամանակին նա այդպես էլ չներկայացրեց։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն ցույց է տվել։ Անկախ այն բանից, որ դրան բոլորը հավատացին, այնուամենայնիվ ճիշտ կլիներ, որ Փաշինյանն այդ փաստաթղթի լուսապատճենը հրապարակեր՝ թեկուզ եզակի մարդկանց համար անտեղի կասկածի թիրախ չդառնալու համար, մանավանդ որ՝ ինքն է իրեն հռչակել որպես թափանցիկության ջատագով։

Վարդան Հակոբյան