01.06.2018 13:45

Աննախադեպ ու սպասված իրադարձություն Արցախում. «ՂՏ»-ի մենաշնորհը կվերանա

Աննախադեպ ու սպասված իրադարձություն Արցախում. «ՂՏ»-ի մենաշնորհը կվերանա

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է հիմնականում «ՂարաբաղՏելեկոմ»-ի սեփականատիրոջ հետ վերջերս ունեցած բանակցությունների արդյունքներին:

Հարությունյանը նշել է, որ ընդառաջելով հանրային դժգոհությանը՝ իշխանության անունից ինքն օրերս հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ, «տեղի են ունեցել ծանր, բայց արդյունավետ բանակցություններ»: Ա. Հարությունյանի խոսքով՝ հիմնական հաջողությունը եղել է մենաշնորհի վերացման վերաբերյալ սեփականատիրոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունը: Որպես հաջորդ քայլ՝ Ա. Հարությունյանը, լրագրողների ներկայությամբ, ստորագրել է ՀՀ-ում գործող երեք օպերատորներին հղված նամակները, որոնցով նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի և հեռահաղորդակցության ոլորտում:

«Հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը և մենաշնորհային ռեժիմի դե-ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր են դարձել իմ և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններում ձեռք բերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաև գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է Հարությունյանը:

«Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճար ընվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաև ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաև մոտ 11 մլն եվրոյի ներդրումկատարել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչև տարեվերջ 3G ծառայության և համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաև կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարը նշել է, որ առաջիկայում կհրավիրվի գնահատում իրականացնող միջազգային լիցենզավորում ունեցող ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝  կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով և ներդնելգործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում: