18.01.2013 01:47

Կարծիք. Արտոնագրային վճարների մասին օրենսդրության փոփոխությունը հարվածելու է փոքր եւ միջին բիզնեսին

Կարծիք. Արտոնագրային վճարների մասին օրենսդրության փոփոխությունը հարվածելու է փոքր եւ միջին բիզնեսին

2012-ի դեկտեմբերի 19-ին ընդունված՝ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով արտոնագրային վճարով հարկվող գործունեություն է համարվում նաև անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային (բրոքերային) գործունեությունը:

Նշված օրենքի իմաստով անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն է համարվում անշարժ գույքի առքուվաճառքի և (կամ) վարձակալության հանձնման միջնորդական գործունեությունը:

Անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն համար արտոնագրային վճար վճարողները գործունեության արդյունքներից անկախ արտոնագրային վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`

Երևան քաղաքում` 60 000,

մարզկենտրոններում` 50 000,

այլ քաղաքներում` 45 000,

այլ վայրերում` 40 000,

սահմանամերձ գյուղերում` 10 000 դրամ:

Վերոնշյալ «անկախ» եզրույթից հասկացվում է, անկախ այն բանից՝ կազմակերպությունն աշխատում է շահույթով, թե վնասով, նա պետք է նախօրոք`մինչև գործունեություն սկսելը վճարի այդ գումարը:

«Կարծում եմ պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ այդ մոտեցումը առաջին հերթին հարվածում է այն կազմակերպություններին, ովքեր իրենց շրջանառության ծավալներով այդքան էլ մեծ չեն, իսկ ավելի կոնկրետ փոքր և միջին բիզնեսին»,- ասում է հաշվապահական կենտրոնի տնօրեն Գրիգոր Առաքելյանը:

Ուշադրության է արժանի նաեւ այն, որ անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեության համար արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալն է աշխատողների թիվը:

Միևնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար վերը սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը։ Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնելու վայր է համարվում այն գրասենյակի գտնվելու վայրը, որտեղ կնքվում են անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությանը վերաբերող պայմանագրեր:

Նշվածի կապակցությամբ, իսկապես, մեծ անհանգստություն է առաջացել անշարժ գույքի առուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեություն իրականացնողների շրջանակներում, քանի որ վերջիններս անհեթեթ են համարում այն մոտեցումը, ըստ որի, ելակետային տվյալներ պետք է համարվեն բոլոր աշխատողները:

 

Ստացվում է՝ համապատասխան կազմակերպություններում աշխատող հեռախոսավարների, մաքրությունն ապահովող անձանց (հավաքարարների), վարորդների համար նույնպես պետք է վճարել վերոնշյալ գումարները, ինչն անտրամաբանական է և անկասկած՝ ստիպելու է, որ գործատուները զանգվածաբար հրաժարվեն իրենց մի շարք աշխատողներից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքերով: Բացի այդ, օրենքում նշված արտոնագրային վճարի չափը չհիմնավորված բարձր է, որը փոքր և միջին ձեռնարկությունների համար անհնար է դարձնում հետագա աշխատանքը:


Հետևություն. Արտոնագրային վճարների վերոնշյալ փոփոխությունները հարվածելու են փոքր և միջին կազմակերպություններին` արհեստականորեն ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ շուկայում, ինչը պատճառ կհանդիսանա այդ կազմակերպություններում աշխատատեղերի փակմանը, շուկայում մոնոպոլացման մակարդակի բարձրացմանը և նորանոր կոռուպցիոն ռիսկերի ստեղծմանը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net