04.06.2018 13:14

ԼՂՀ ոստիկանությունը առաջարկում է ցուցարարներին այլ վայրում ցույց անել

ԼՂՀ ոստիկանությունը առաջարկում է ցուցարարներին այլ վայրում ցույց անել

ԼՂՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է ցուցարարներին՝ ցույցը շարունակել ոչ թե կենտրոնական՝ Ազատամարտիկների պողոտայում, այլ՝ ցույցի վայրից քիչ հեռու գտնվող՝ Արցախի պետհամալսարանի շենքի մոտ:

«2018 թվականի հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին իրականացվել է խաղաղ հավաք, որը վերսկսվել է հաջորդ օրը ժամը 11:00-ի սահմաններում և գիշերային դադարով շարունակվում է մինչ այժմ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ կարգավորելով հավաքի վայրի ճանապարհատրանսպորտային երթևեկությունն այնպես, որ այն չխոչընդոտի հավաքի իրականացմանը: Բացի այդ որևիցե իրավական կամ վարչական ներգործություն հավաքի մասնակիցների նկատմամբ չի իրականացվել: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ից ի վեր քաղաքացիներից ստացել ենք մի շարք բողոքներ և դժգոհություններ տեղաշարժման ազատության իրենց սահմանադրական իրավունքի սահմանափակման կապակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքը անց է կացվում Ստեփանակերտի տրանսպորտային կարևոր հանգույցի՝ ավտոկայանի մերձակա ճանապարհին:

Կարևոր է ընդգծել, որ հավաքների ազատության  սահմանադրական իրավունքն անհրաժեշտ է հավասարակշռել այլ սահմանադրական իրավունքներին, այդ թվում ազատ տեղաշարժվելու իրավունքին: Հավաքների ազատությունը չպետք է անհամաչափ սահմանափակի այլ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, իսկ սահմանափակման համաչափությունը որոշելիս ի թիվս այլոց, հաշվի է առնվում հավաքի անցկացման վայրը և տևողությունը:

Ելնելով վերոգրյալից հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկում ենք հավաքը շարունակելու մտադրության դեպքում այն իրականացնել Արցախի պետական համալսարանի դիմացի «ՈՒսանողական» պուրակում:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար լիազորվել է ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Գագիկ Հարությունյանը»: