04.06.2018 14:10

Լիզա Ճաղարյան. «Մի քիչ կամաց գնա, գոզալ»

Լիզա Ճաղարյան. «Մի քիչ կամաց գնա, գոզալ»

Եվ այսպես՝ արդեն երկու օր է փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքում անխոնջ եւ անդուլ եռանդով ջնջում է իր սրտին անհաճո մեկնաբանությունները եւ «առանձնակի դաժանությամբ» արգելափակում մեկնաբանությունների հեղինակներին։ Ավելին, աջուձախ հայհոյում է իր ընդդիմախոսներին, ռուսների ասած՝ կառապանի պես։ Ի դեպ, հայհոյում  եւ արգելափակում է ե՛ւ իրեն հոգեհարազատ հայհոյախոսությունների հեղինակներին, ե՛ւ պատշաճ մակարդակի քննադատողներին։ Նույնիսկ՝ զգուշորեն տարակուսողներին։

Իսկ տարակուսողներն ընդամենը չեն հասկանում, թե պարոն փաստաբանն ինչու է այդքան խանդավառված իր «հաղթանակով»։

Ինչ-որ բա՞ն է փոխվել Հայաստանի իրավական համակարգում։

Կարծես՝ ոչ։

Նախկին իշխանավորների կամակատար եւ բազմահատոր հանցագործություններ կատարած դատավոր-դատախազները դեռ իրենց տեղում են։

Քաղբանտարկյալները դեռ բանտերում են։

ՀՀԿ-ական ավազակախումբը դեռ «ընդհատակում» գործում է՝ հարմար պահ որսալու եւ իշխանությունը կրկին զավթելու ակնկալիքով։

Պարոն փաստաբանի «անմեղ» պաշտպանյալ Մասիսի քաղաքապետը նախկին հանցագործ իշխանության ներկայացուցիչ է, ինչն արդեն աներկբա նշանակում է՝ առնվազն ընտրակեղծիքների հովանավոր է եւ կազմակերպիչ (հակառակ դեպքում նույնիսկ հավանոցի «բնակիչներին» է հասկանալի՝ եթե պատվիրված տոկոսից ավելի քվե չապահովեր ՀՀԿ-ականների համար, հրաժեշտ տված կլիներ քաղաքապետի պաշտոնին, եւ ՀՀԿ-ականներն էլ շնչակտուր ստորագրություններ չէին հավաքի իրենց «նվիրյալին» ազատ արձակելու պահանջով)։

Դժվարությամբ, շատ դժվարությամբ ենթադրենք, թե իրոք Մասիսի քաղաքապետը չի մասնակցել հանրահավաքի օրերին ՀՀԿ-ական ավազակախմբերի ենիչերիական հարձակումներին ցուցարարների դեմ։ Ենթադրեցինք։ Իրո՞ք պարոն Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ ՀՀԿ-ի բուծած դատավորը կատաղի պայքար էր մղում «հալածյալ» ամբաստանյալին բանտախցում փակելու համար, եւ ահա եկավ փաստաբան Աթանեսյանն ու իր անզուգական եւ աննախադեպ պաշտպանության շնորհիվ այս «շատ կարգին մարդուն» ու «լավ քաղաքապետին» փրկեց ծախու դատարանի ճիրաններից։

Այսինքն, ինքնագոհության սեանսներ տվող պարոն Աթանեսյանը համարում է, որ ինքն այնպիսի «սպանիչ» փաստեր է վերհանել, որ նույնիսկ Սերժիկ Սարգսյանի շահած-պահած արատավոր իրավական համակա՞րգն է նահանջել։

«Իաաա, իրո՞ք», պարոն Աթանեսյան։

Պարոն Աթանեսյանն իր այս սնապարծության բարձունքին կանգնած ուզում է ասել՝ ինքը միակ փաստաբա՞նն է, որին հաջողվեց անխոցելի պաշտպանությամբ քանդել ՀՀԿ-ական «արդարադատության» հաստաբեստ պատը։ Ուզում է ասել՝ այսօր բանտերում արդարության սպասող քաղբանտարկյալներին ու բազմաթիվ անմեղ մարդկանց շահերը պաշտպանող փաստաբանները զլացե՞լ են Տիգրան Աթանեսյանի նման անձնազոհաբար պայքարել հանուն իրենց պաշտպանյալների, դրա համա՞ր են այդ մարդիկ մինչեւ հիմա ճաղերի հետեւում։

Չգիտեմ, թե էլ ինչ է ուզում ասել փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հետաքրքիր էլ չէ, թե ինչ է ուզում ասել մի մարդ, որն անաչառության հոգեցունց կոչեր է անում, իսկ ինքն զբաղված է զազրախոսելով իր ընդդիմախոսների դեմ եւ արգելափակելով հակառակ տեսակետների հեղինակներին, հընթացս՝ իր հասցեին հնչող հաճոյախոսություններն է գուրգուրում ու պաչպչում։

Ընդամենը մեկ նկատառում. եթե նույնիսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հասցեին հնչող դատապարտումների շարքում չափազանցություններ կան, ապա այդ ամենի մեղավորը միմիայն նույն ինքը՝ ինքնագովազդի չափն անցած ամբարտավան ալիքներում լող տվող Տիգրան Աթանեսյանն է։