04.06.2018 15:03

Արմեն Սարգսյան. Քշի Թուրքիա

Արմեն Սարգսյան. Քշի Թուրքիա

Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ին, որտեղ անդրադարձել է նաեւ գործող Սահմանադրությանն ու ուշագրավ հայտարարություններ արել:

Մասնավորապես, ըստ Արմեն Սարգսյանի՝ այսօր «խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն»: Ըստ Սարգսյանի՝ «մեր Սահմանադրությամբ հսկայական իշխանություն է տրված կառավարությանն ու վարչապետին»:

Այնուհետեւ, Սարգսյանը կարծում է, որ «իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»:

«Այդ փոփոխությունները իրականացնելու համար մեծ աշխատանքներ են հարկավոր, սակայն դրանք անհրաժեշտ են, քանի որ մենք մեզ չենք կարող թույլ տալ ունենալ Սահմանադրություն եւ համակարգ, որն իրականում կայուն չի լինելու:  Իրական իշխանությունը պետք է բաժանված լինի իշխանության երեք ճյուղերի միջեւ. առաջին հերթին՝ խորհրդարանի, քանի որ սա խորհրդարանական հանրապետություն է, այնուհետև՝ նախագահի գրասենյակի և վարչապետի գրասենյակի միջև:

Ի վերջո, դուք չեք կարող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ, եթե հասարակության խոշոր մասը դժգոհ է ընտրական օրենսգրքից: Այնպես որ, սա նույնպես պետք է փոփոխվի»,- ասել է Սարգսյանը:

Ինչպես ասում են, տեղ հասանք: 2015 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների դեմ բազմաթիվ քաղաքական գործիչներ կատաղի պայքար էին մղում, իսկ Արմեն Սարգսյանը լուռ էր: Այն ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպան Արմեն Սարգսյանը: Մարդիկ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դեմ էին քվեարկում, հանրաքվեն անցավ տոտալ կեղծիքներով, բռնություններով, բայց այն ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպան Արմեն Սարգսյանը էլի լուռ էր:  

Ամբողջ Հայաստանը խոսում էր այն մասին, որ այդ փոփոխություններն արվում են միայն մեկ մարդու եւ այդ մարդու իշխանությունը երկարացնելու համար, սակայն, Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպան Արմեն Սարգսյանը էլի լուռ էր:

Այդ մեկ անձը, իմա՝ Սերժ Սարգսյանը, արդեն փոփոխված Սահմանադրությամբ սահմանված Հայաստանի անլծակ նախագահի պաշտոնում որոշեց առաջադրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպան Արմեն Սարգսյանին, սակայն Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպան Արմեն Սարգսյանը էլի լուռ էր, եւ չէր բողոքում սահմանադրական բալանսի խախտումից, դեռ մի բան էլ վստահեցնում էր Սերժ Սարգսյանին , որ նախագահ ընտրվելուց հետո կարդարացնի նրա բոլոր հույսերը:

Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպան Արմեն Սարգսյանը ազատվեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի հպարտ դեսպանի պաշտոնից ու ընտրվեց ՀՀ անլծակ նախագահի պաշտոնում, նորից ոչ մի խոսք այն մասին չեղավ, որ Սահմանադրությունը սուպերվարչապետական է, եւ այն պետք է փոխել:

ՀՀ անլծակ նախագահի պաշտոնում արդեն Արմեն Սարգսյանը հետեւում էր, թե ինչպես է ԱԺ-ն վարչապետ ընտրում Սերժ Սարգսյանին, ու էլի ոչ մի բողոք «սուպերվարչապետության» կապակցությամբ:

Հետո Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, ԱԺ-ն, թեկուզ չուզենալով, սակայն, վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս խոստացավ արտահերթ ընտրություններ անցկացնել, ու հենց այդ պահին՝ պաղպակները, համբուրգերներն ու քոչարին մի կողմ թողած, սպիտակ կոստյումով քաղաքական թատերաբեմ եկավ Արմեն Սարգսյանն ու հայտարարեց՝ քշի Թուրքիա: Ի՞նչ է եղել, եղբայր: Թե բա, պարզվում է՝ սահմանադրությունը սուպերվարչապետական է, պետք է փոխել:

Դե հիմա էսքանից հետո, ինչպե՞ս մի քանի հարց չտաս Արմեն Սարգսյանին:

Ինչո՞ւ նախագահ դառնալիս չէր խոսում սահմանադրության այս վտանգների մասին:

Արդյո՞ք չի հասկանում, որ իր քաղաքական գերակտիվությունն այս իրավիճակում արդեն կասկածելի է թվում, թեև քչերն են դա տեսնում, եւ դա այն դեպքում, երբ նախագահ ընտրվելիս ասում էր՝ ես շատ բաների չեմ խառնվելու:

Հռետորական հարց՝ ո՞րն է հիմա իր գործողությունների մոտիվը:

Ու եւս մեկ հարց՝  արդյո՞ք այսքանից հետո քաղաքացիները իրավունք չունեն կասկածել, որ,  հնարավոր է՝ հակահեղափոխությունը նրա ցիվիլ դեմքով ներկայանա:

Պարգեւ Ապրեսյան