04.06.2018 20:14

Հակահեղափոխությունը՝ Արցախում. ովքե՞ր են ցանկանում 2016-ի ապրիլի կրկնությունը. 1in.am

Հակահեղափոխությունը՝ Արցախում. ովքե՞ր են ցանկանում 2016-ի ապրիլի կրկնությունը. 1in.am

Այն, ինչ հունիսի 1-ի հայտնի, կենցաղային միջադեպից հետո արդեն մի քանի օր տեղի է ունենում Ստեփանակերտում, ոչ այլ ինչ է, քան հայկական երկու պետություններին ուղղված հարված ներսից։ Ներսից, բայց ոչ ամենևին՝ միայն ներսի ուժերով: Կամ միայն ներսի ուժերով, բայց ամենևին ոչ՝ ներսի ծրագրերով։

Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ակցիաները, ակնհայտ է, թուլացնում են պատերազմական վիճակում գտնվող Լեռնային Ղարաբաղը։ Բայց Ղարաբաղը թուլացնելով՝ թուլացնում են նաև Հայաստանի Հանրապետությունը, նոր Հայաստանը, որն ամեն օր կերտվում է հեղափոխության հաղթանակից հետո։ Ավելորդ է ասել, որ Հայաստանի ցանկացած իշխանություն ամբողջական է, կարող է անկաշկանդ գործել, եթե իր կողքին կամ թիկունքում, իսկ որ ավելի ճիշտ է՝ առաջնագծում ունի Լեռնային Ղարաբաղի կայուն, ամուր իրադրություն՝ նույնպիսի իշխանությամբ։

Նիկոլ Փաշինյանի, հեղափոխության հաղթանակից հետո անգամ շատերի համար անսպասելիորեն ձևավորվեց միանգամայն փոխըմբռնման, աշխատանքային, կառուցողական մթնոլորտ Հայաստանի նոր և Արցախի գործող իշխանությունների միջև։ Ի պատիվ երկու կողմի էլ՝ դա տեղի ունեցավ ինչպես հեղափոխության առաջնորդների, այնպես էլ Արցախի ղեկավարության համարժեք, պետականամետ վարքագծի ու գործելակերպի շնորհիվ։ 

Հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ օրը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտ կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց իր ամբողջական, անվերապահ աջակցությունը Արցախի ղեկավարությանը և վերջինիցս ստացավ նույնպիսի վերաբերմունք։ Այսինքն՝ հեղափոխության հաղթանակով Հայաստանն ամրացավ, ու հեղափոխության առաջնորդների և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փոխըմբռնման շնորհիվ այդ հաղթանակը կապիտալիզացվելու առաջին իսկ նշանները երևացին հենց Ստեփանակերտում, որտեղ հնչեց Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին։

Ահա այս պայմաններում, Հայաստանի նոր իշխանության ու պաշտոնական Ստեփանակերտի համագործակցային աշխատանքի պայմաններում տեղի է ունենում հունիսի 1-ի միջադեպը, որն անմիջապես ստանում է քաղաքական երանգավորում՝ վերածվելով քաղաքական պահանջների՝ քաղաքական տեքստերի ու հրաժարականների պահանջների, Արցախի իշխանությանն ուղղված ուլտիմատումների առիթի։  

Ընդ որում, հանրային ընկալումների, քարոզչական՝ ուղղորդվող կամ ոչ, մակարդակում Ստեփանակերտում տեղի ունեցողը ներկայացվում է որպես Հայաստանից, հայկական հեղափոխությունից ոգեշնչվածության դրսևորում՝ կարծես փորձ արվելով աջակիցներ գտնել նաև հեղափոխված Հայաստանում։ Այն դեպքում, երբ տեղի ունեցողն առանց չափազանցության ուղղված է Հայաստանի, նոր Հայաստանի, նոր Հայաստանի իշխանության դեմ։ Այսինքն՝ իր էությամբ ու բովանդակությամբ Արցախում տեղի ունեցողը հակահեղափոխություն է՝ բառի ամենաընդգրկուն իմաստով։

Ովքե՞ր են կանգնած այդ հակահեղափոխության հետևում, արդյոք դրանք ներսի կամ միա՞յն ներսի ուժեր են, արդյոք արտաքին ուժերի շարքում կա՞ն հայաստանածին կենտրոններ, արդյոք այդ ազդեցությունների համախմբում կա՞ արտաքին, աշխարհաքաղաքական հետք։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կենսական կարևորություն ունեն այս օրերին և դրանից հետո, որովհետև այդ հարցերի պատասխանները Հայաստանի ու Արցախի անվտանգության, անվտանգային իմունիտետի ցուցիչներն են։

Հեղինակ՝ Գառնիկ Գևորգյան

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում: