06.06.2018 09:37

«Քվոտան» տորթի մաս չէ

«Քվոտան» տորթի մաս չէ

Չքննարկենք գործադիր իշխանության ձեւավորման «քվոտաների» սկզբունքի ճիշտ կամ սխալ լինելը։ Այդ սկզբունքը գործել է Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի իշխանության շրջանում։

«Թավշյա հեղափոխությանը», ավելի ճիշտ՝ դրա առաջին հանգուցալուծմանը՝ Ն. Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն օժանդակած խորհրդարանական երկու ուժեր դրա դիմաց պաշտոններ են ստանում կառավարությունում եւ տարածքային կառավարման մարմիններում։

Այս ֆոնին մարզպետների նշանակումներից մեկը որոշակի իմաստով ուշագրավ է։ Խոսքը վերաբերում է Վայոց Ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի նշանակմանը։

Այս մարդը եղել է ՀՀԿ անդամ, որպես այդպիսին էլ համապատասխան օժանդակությամբ եւ հայտնի ապօրինությունների գործադրմամբ զբաղեցրել է Վայքի համայնքապետի պաշտոնը։ Հասկանալի է, որ, ըստ այդմ էլ՝ ժողովուրդը համապատասխան վերաբերմունք ուներ նրա նկատմամբ։ Հիմա նա Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց ԲՀԿ-ի «քվոտայով»։ Եւ որպեսզի դա հնարավոր լիներ, նշանակումից առաջ դուրս եկավ ՀՀԿ-ից եւ անդամագրվեց ԲՀԿ-ին, - քաղաքական հարթության վրա՝ խայտառակ մի քայլ։

Խոսքը, սակայն, քաղաքական սկզբունքների, կոռեկտության կամ բարոյականության մասին չէ․ նման հասկացությունները ցանկացած մակարդակում հեռու են ՀՀԿ-ից։ Իմիջիայլոց, ասենք, որ ՀՀԿ-ն հաճույքով այսպես սողացող ընթացքով կարող է նաեւ «հոսել-արտագաղթել» դեպի իշխանության առումով ավելի «հեռանկարային» ուժեր։ Ավելի մտահոգիչ է «հյուրընկալ» այն քաղաքական ուժի վարքագիծը, ում համար կարեւոր է, առաջին հերթին, ամեն գնով քվոտա ունենալը եւ դրանից օգտվելը՝ անկախ այն բանից, թե ում միջոցով։

Հասկացանք. իշխանափոխություն, դրանում այլ ուժերի բերած նպաստ, կոալիցիա, քաղաքական պայմանավորվածություն, պաշտոնների «քվոտա» եւ այլն։ Բայց իշխանությունը տորթ չէ՝ «էս քո վաստակի չափով քո բաժինը՝ տուր ում ուզում ես, կամ արա ինչ ուզում ես»։ Նշանակված ամեն մի պաշտոնյայի համար պատասխանատվությունը, նրա գործունեությունից ժողովրդի դժգոհությունը, հասկանալի է, որ ուղղվելու է ոչ թե «քվոտա» ստացած կուսակցության, այլ, մի՛միայն տվյալ կառավարության ու, անձնավորված՝ նրա ղեկավարի դեմ։ Այսինքն, վերջինս, «քվոտան» տալուց զատ, նաեւ լիակատար իրավունք ունի պահանջելու, որ կոալիցիոն գործընկերները տան այսօրվա պահանջները բավարարող եւ տվյալ պաշտոնի համար ձեռնհաս թեկնածուներ։

Հիշյալ՝ Վայոց Ձորի մարզպետի նշանակման դեպքում ժողովրդի այդ դժգոհությունն արդեն իսկ պատրաստ է՝ հենված սույն պաշտոնյայի՝ մինչեւ հիմա ձեւավորված բացասական կերպարի, ապօրինությունների հակված վարքագծի, տխուր անցյալի ու համբավի վրա, ինչին ավելացավ հանուն պաշտոնի մեկ օրում մի կուսակցությունից մյուսն անցնելու արտառոց փաստը։

Գագիկ Խաչատրյան