06.06.2018 14:31

Իրանի շուրջ բանակցություններ Փարիզում

Իրանի շուրջ բանակցություններ Փարիզում

Իրանի միջուկային ծրագիրը երեքշաբթի դարձել է Փարիզում բանակցությունների հիմնական թեման: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ:

Ուրանի հարստացման հզորությունները մեծացնելու՝ Թեհրանի որոշումը հրեական պետության իշխանությունները դիտարկում են որպես բացահայտ սպառնալիք: Նեթանյահուն, որ ի սկզբանե հանդես է եկել Իրանի հետ միջուկային գործարքի դեմ, տեղեկացրել է, որ Մակրոնին ներկայացրել է այն արխիվը, որը, նրա խոսքով, իսրայելական հետախուզությանը հաջողվել է ձեռք բերել վերջերս:

«Հայտնաբերված միջուկային արխիվն այն բանի ապացույցն է, որ Իրանը ստել է ողջ աշխարհին միջուկային զենք ստեղծելու իր ծրագրի վերաբերյալ: Կարծում եմ՝ ժամանակն է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ: Ուզում եմ, որ պարզ լինի. ես նախագահ Մակրոնին չեմ խնդրել դուրս գալ պայմանագրից: Կարծում եմ, որ այդ խնդիրն ինքնըստինքյան կլուծվի տնտեսական իրողությունների ճնշման տակ»,- ասել է Նեթանյահուն: Ավելի վաղ նա իր Twitter-ում գրել է, թե Իսրայելը «թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա»:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թեհրանի հետ գործարքը բավարար է համարում, սակայն «բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով»: Մակրոնի կարծիքով՝ ուրանի հարստացման հզորությունները մեծացնելու մասին հայտրարությունը չի նշանակում. որ Իսլամական Հանրապետությունը դուրս է գալիս պայմանագրից:

Փոխանցում է euronews-ը: