06.06.2018 15:22

Արգենտինա. Հիերարխիա և Մեսսի

Արգենտինա. Հիերարխիա և Մեսսի

800 րոպեում սեփական դարպասն ընդունած 1 գնդակ, 1 քառորդ  եզրափակիչ, 3 եզրափակիչներ, բայց ոչ մի գավաթ. ահա սրանք են «Մեսսիի դարաշրջանի» հավաքականի ցուցանիշները (այս ամենը պետք  չէ շփոթել հավաքականում Մեսսիի՝ 2005-ի նորամուտից հետո ընկած ժամանակաշրջանի ցուցանիշների հետ): Նախ, մինչ 2008-ը Արգենտինան Ռիկելմեինն էր, իսկ  2010-ի ԱԱ-ին հավաքականը ներկայացավ «առանց գլխավոր մարզչի» (ոմանք նրան Մարադոնա են կոչում, դե՝ ըստ գիտակցության և ճաշակի):

«Մունդիալ 2014»-ից (ԱԱ) հետո հավաքականի ապագայի վերաբերյալ քննարկումները հիմնականում սերնդափոխության մասին էին: Սակայն 2 Կոպա Ամերիկաները (2015 և 2016) լավ հնարավորություն էր ոչ թե Օլիմպոս մտնելու, այլ պարզապես ոսկիներ կուտակելու: 

Չիլիի դեմ երկրորդ եզրափակչից հետո ծավալված հիմնական իրադարձությունը Մեսսիի որոշումն էր հավաքականում կարիերան ավարտելու մասին: Գլխավոր մարզչի և ֆեդերացիայի նախագահների հրաժարականները նպաստեցին, որ հավաքականի ուղղության, խաղաոճի կամ սերնդափոխության հարցերը վերածվեն «թիթիզ» հարցադրումների: Մինչդեռ, գոյություն ուներ էլ ավելի առաջնահերթ՝ արգենտինական ֆուտբոլի գոյության հարցը. ինչպե՞ս ձեռք բերել ԱԱ-2018-ին որակավորվելու իրավունք:

Սամպաոլին և նրա հայտացուցակը

«Իմ երկիրը իմ կարիքն ունի, և ես պարտավոր եմ ներկայանալ»,- ասաց Սամպաոլին՝ սեփական գրպանից «Սևիլիային» վճարելով իր իսկ հրաժարագինը: Նվաճած լինելով ընդամենը մեկ արժեքավոր տիտղոս՝ Կոպա Ամերիկա 2015-ը, որի եզրափակչում հաղթել էր հենց Արգենտինային, և ունենալով «Բյելսիստայի» համբավ, Սամպաոլին հայտարարեց,  որ «Մունդիալին» պարտավոր են ներկայանալ հետևյալ՝ «Միշտ գրոհել կարողանալու համոզմամբ»: Հայտացուցակին նայելիս հասկանալի  են դառնում Սամպաոլիի խոսքերը՝ թիմում պաշտպանվելու տաղանդը ուղղակի բավարար չէ:

Դարպասապահը՝ Ռոմերոն  (եթե վնասվածք չստանար, լինելու էր հիմնական դարպասապահը), առանց խաղային ժամանակի էր ՄՅՈՒ-ում որպես Դե Խեայի փոխարինող: Մերկադոն, որ իր առաջին ԱԱ-ին է մասնակցելու, 2016-ից հետո լատերալից վերածվեց կենտրոնական պաշտպանի՝  սպրինտերի ուժ այլևս չունենալու պատճառով: Մասչերանոն «Բարսելոնայում»  արդեն կենտրոնական պաշտպանի ընտրության 4-րդ տարբերակն էր դարձել: Իսկ ձախ լատերալի՝ Ռոխոյի մոտ վնասվածքից հետո ավելի ակնհայտ դարձան ֆուտբոլիստի դիրքային տգիտությունն ու քարտեր հավաքելու տաղանդը:

Սամպաոլին այս խնդիրը լուծելու ավելի գործնական տարբերակ ընտրեց՝ պարզապես ավելացնելով պաշտպանների քանակը  ու, զիջելով մեդիայի ճնշմանը, հիմնական կազմում տեղավորեց Դիբալային: Ֆուտբոլիստ, որը, ընդհանրապես, կոչված էր ոչ միայն սերնդափոխության կերպարը լինելու, այլև համարվում էր, որ ունակ է համագործակցելու Մեսսիի հետ և թեթևացնելու նրա բեռը:

3-4-2-1 այսպես սկսեց Սամպաոլին իր առաջին պաշտոնական խաղը Ուրուգվայի դեմ: Երկու հենակետային, եզրերում՝ Ակունյա և Դի Մարիա, որոնց երբ գումարում ենք Մեսսիին ու Դիբալային,  հավաքականն ունենում էր 4 ձախլիկ ֆուտբոլիստ՝ հենակետայիններից մինչև 9 համարի գոտում: Նրանցից երկուսը՝ Դի Մարիան և Ակունյան, միևնույն պրոֆիլի են՝ ձախ լատերալներ, մյուս երկուսը՝ Մեսսին և Դիբալան, նույն՝ «10»-ի դիրքում են, երկրորդ հարձակվող կամ  «կեղծ 9»:

Ոչ- ոքիից հետո Դիբալան որոշեց՝ որ արդեն հասել է այն կարգավիճակին, որ իրեն թույլ տա ասելու «ինձ Մեսսիի կողքին խաղալը դժվար է» անմեղ տողերը: Եվ հենց այս խոսքերն էլ կանխորոշեցին նրա մրցաշրջանը թե´«Յուվեում», թե´ հավաքականում, թեև Մեսսիի հրապարակային պաշտպանությանը. «Մենք նույնատիպ ենք գործում, և ես հասկանում եմ, որ նրան բարդ է անընդհատ ձախ տեղափոխվելը»: Մեսսին այս ամենը հասկացավ, Սամպաոլին՝ ոչ:

Հաջողություն Դիբալային և 3-4-2-1-ին. անցում 4-2-3-1-ի: Թեև Պապու Գոմեսի կամ Բենեդետոյի  (որն ավելի լավ էր բացվում, քան Իկարդին) լավ խաղի, արդյունքը մնաց նույնը՝ ծայրահեղ հուսահատեցնող. սեփական հարկի տակ Վենեսուելայի և Պերուի հավաքականների հետ գրանցված ոչ-ոքիներ: Վերջին խաղային օրում միայն Էկվադորի հավաքականի նկատմամբ հաղթանակը թույլ կտար մեկնել Ռուսաստան: Մեսսին իր հեթ-տրիկով որոշեց՝ արժե մեկնել:

4-2-3-1-ը դարձավ գլխավոր դասավորվածությունը նաև ԱԱ-2018-ի համար: Մեսսին՝ որպես ազատ «10» կենտրոնական հարձակվողի հետևում, երկու լատերալներ և կրկնակի հենակետային: Հենակետայիններից մեկը պետք է կենտրոնը բացող փոխանցման տիրապետի: Գլխավոր հավակնորդ՝ Լո Չելսոն 6 ամիս առաջ ՊՍԺ-ում նույնիսկ 14-րդ խաղացողը չէր և ներքին առաջնության ցածրամակարդակ թիմերի դեմ խաղալուց բացի, մրցաշրջանի միակ արժեքավոր խաղը «Ռեալ Մադրիդի» դեմ ձախողեց: Իսկ եթե ոչ Լո Չելսո, ապա  Բանեգա կամ Բիգլիա: Առաջինը, չնայած իր հասունությանը, հավաքականում երբեք Մեսսիին չի «գտնում» դաշտում, իսկ Բիգլիան, որ միշտ եղել է խելացի և չսխալվող, 9 ամիս վնավածքն էր բուժում:

Հայտացուցակի 15 խաղացող իրենց առաջին «Մունդիալին» են մասնակցելու, ընդ որում, օրինակ, Տագլիաֆիկոն կամ Լանսինին հիմնական կազմի ռեալ թեկնածու դարձան ընկերական խաղերում ունեցած  «դրվագների» շնորհիվ: Դարպասապահները՝ Արմանին «Ռիվերում» լավ խաղաշրջանից հետո ուղղակի, որպես պարգև, ընգրկվեց 23 խաղացողների կազմում, իսկ Կաբալյերոն էլ, ով այս պահին առաջին ընտրությունն է, 36 տարեկանում ընդամենը «Չելսիի» փոխարինող դարպասապահն է:

Պաշտպանությունում ընդգրկված Ֆասիոն հայտնվել է հավաքականում «Ռոմայի»՝«Բարսայի» դեմ խաղում տեղի ունեցած հրաշքի շնորհիվ: Իսկ, օրինակ, առջևում հանդես եկող «Բոկայի» Պավոնը՝ ընդամենը այն պարզ պատճառով, որ իր պատ խաղալու կարողությամբ հույս է արթնացնում Մեսսիի մեջ:

Իսկ ի՞նչ խաղային կամ հոգեբանական վիճակում են հնաբնակները: Մասչերանոն խաղում է«Հեբեյ Չայննա Ֆորչունում», Դի Մարիան Նեյմարի փոխարինող էր ՊՍԺ-ում: Ագուերոն, ով Մեսսիի սերնդի երկրորդ աստղն էր և իր երրորդ «Մունդիալին» է մասնակցելու նախորդներում գրանցած 0 գոլով, երկու ամիս է՝ ֆուտբոլ չէր խաղացել, մինչ Հաիթիի հավաքականի հետ անցկացրած վերջին ընկերական խաղը: Իգուաինը, ով  բառացի հորանջում էր ՉԼ-ի եզրափակչում պարտվելուց անմիջապես հետո, հավաքականի կազմում իր անցյալի պատճառով այնպիսի ճնշման տակ է, որ Հաիթիի, այո՜, Հաիթիի դարպասն ընկերական խաղում չգրավելուց հետո դարպասաձողն էր ջարդում:

Սամպաոլիի՝ընդամենը մեկ տարվա ցիկլը վերածվեց «արտակարգ իրավիճակների» պատմության: Թիմն անդադար տագնապից կորցրեց նույնիսկ իր տակտիկական հիշողությունը (իսկ ինչպե՞ս էր մեզ հաջողվում)  և «կուտակեց» ավելի տարիքով ու ծանր ոտքեր: Ի վերջո, խնդրիների հրատապությունը ստիպեց ԱԱ մեկնող 23 խաղացողների մեջ ներառել 8 ձախողվածների և հենվել նրանց վրա:

Մեսսի

Մեսսին գուցե և իր կարիերան ավարտի ոչ թե արդեն որպես ոսկե հնգյակի անդամ, այլ Մալդինիի, Ռոնալդոյի, Վենգերի, Չավիի կամ, օրինակ, Ջոնաթան Ուիլսոնի կողմից տրված բոլոր ժամանակների լավագույնի կոչումով: Իրականությունն այն է, որ ժամանակը Մեսսիին հաջողությունով չուղեկցեց:

Մեկ-երկու 11 մետրանոցների հաղթաշարք:  Ինիեստայի կամ Սերխի Ռոբերտոյի՝ վերջին րոպեներին գրանցած հրաշքներից բացի, հիմնականում պատմություն գրելու համար, Մեսսիին միշտ անհրաժեշտ եղավ վերածվել գերֆուտբոլիստի. իր 169 սմ հասակով ավելի բարձր ցատկել,  քան Ֆերդինանդը ՉԼ եզրափակչում, ՉԼ կիսաեզրափակչում  անցնել Մոուրինյոյի «Ռեալի» հենակետայիններից և հասնել մինչև Կասիլյասը, Նոյերին ու Բոատենգին ֆուտբոլիստներից վերածել «մեմի», միայնակ «Բերնաբեու»-ում 92-րդ րոպեին հաղթել տիտղոսներով պատմության լավագույն «Ռեալին»:

Նախորդ ԱԱ-ում, գոլ+գոլային փոխանցումով ուղիղ մասնակցություն ունեցավ թիմի 75 % գոլերին, ինչն ավելի լավ ցուցանիշ է, քան ուներ Պելեն 1970-ին, Մարադոնան՝ 1986-ին, Ռոմարիոն՝ 1994-ին կամ Ռիվալդոն՝ 2002-ին:

Կոպա Ամերիկա 2016-ից հետո, Մեսսին հավաքական վերադարձավ ոչ թե այն պատճառով, որ գտնվեց անհրաժեշտ նոր Ռիկելմե, Այալա, Բատիստուտա կամ Օրտեգա (առանց Մեսսիի ԱԱ ընտրական փուլում 28 հնարավորից  արգենտինացիները  վաստակեցին 7 միավոր), այլ որովհետև գիտակցեց այն, ինչը ժամանակին լավ ձևակերպել էր Ռոմերոն՝ «Մենք պայքարում էինք, որովհետև ունեինք թզուկ, որը կարող էր հայտնվել և հաղթել»:

Պատանի տարիքում հայրենիքից Կատալոնիա մեկնելը որպես հիմնապատճառ բերող արգենտինացիներն այդպես էլ չկարողացան Մեսսիի մեջ ոչ իրական արգենտինացու բարդույթ ձևավորել: Դեռ 13 տարեկան հասակում, իր առաջին հարցազրույցներից մեկում, Մեսսին երազանք էր համարում Արգենտինայի հավաքականում հանդես գալը: Վերջերս էլ, անդրադառնալով այն դիտարկումներին, որ եթե Իսպանիայի հավաքականն ընտրեր, վաղուց արդեն ԱԱ-ի գավաթը նվաճած կլիներ, և Պելեից ու Մարադոնայից առավել լինելու դիլեման փակված կհամարվեր, Մեսսին ասաց, որ իր համար «երբեք, բացի Արգենտինայից, այլ տարբերակ չի դիտարկվել»:

Եզրահանգում

Արգենտինան չունի ռեսուրս թե՛ խաղամակարդակի, թե՛ խաղակցվածության և թե հոգեբանական առումով, որպեսզի նրանցից պահանջեն գավաթը նվաճել: Առաջին անգամ գիտակցելով այս իրողությունը, արգենտինացիները, չնայած Մեսսիի գոյությանը, ներքուստ համակերպվել են ոչ թե «անդերդոգի», այլ,  ընդհանրապես, «դիակների» կարգավիճակին: Այս նույն քաղաքականությանը հրապարակային միանում են նաև խաղացողները:

«Մենք չենք մեկնարկում որպես ֆավորիտ, և երկրպագուները պետք է հասկանան դա:  Ցանկություն չկա, որ ԱԱ-ն օր առաջ մեկնարկի, ժամանակը մեզ տալիս է հնարավորություն ավելի շատ աշխատելու և միավորվելու»,- նշում է Մեսսին: Նա ամբողջովին դեմ է վերջին օրերին տեղական լրատվամիջոցներում հայտնված այն պնդմանը, որ գուցե արժե՞ հաշվարկով խմբային փուլն ավարտել երկրորդ տեղում, որպեսզի 1/4-ում խուսափեն իսպանացիներից:

Արգենտինան չի կարող իրեն թույլ տալ իսլանդացիների դեմ մեկնարկային խաղում, բացի հաղթանակից, այլ տարբերակ դիտարկել: Հաղթանակի կարիքը թիմն ավելի շատ ունի, քան փլեյ-օֆֆում ցանկացած հեշտ ուղու: Ինչպես 2014-ին, հաղթանակը կարող է բալանսի բերել թիմը և ամեն հաջորդ խաղում նրանց ավելի վստահ դարձնել:

4 տարի առաջ 430 րոպեների ընթացքում արգենտինացիները գնդակ չընդունեցին սեփական դարպասը՝ խաղալով Ազարի, դե Բրույնեի, Լուկակուի, Ռոբբենի, Վան Պերսիի, Կլոզեի և Մյուլլերի դեմ, բայց, միևնույն ժամանակ,  չկարողացան նաև «գտնել» Մեսսիին:

Հաղթանակն առաջին խաղում ունակ է դառնալու վախերի և պարտությունների գերեզմանաքարը: Հաղթանակն  է՛լ ավելի արժեքավոր և լիցքաթափող կլինի, եթե այն գրանցվի առանց Մեսսիի միջամտության: Ֆուտբոլիստ, որի՝ որպես մարզիկի, հոգեբանական միակ թերությունը գիգանտներ Ջորդանի, Ալիի կամ Ֆեդերերի համեմատությամբ այն է, որ խաղալով թիմային մարզաձևում, երբեք չկարողացավ  իրեն թույլ տալ պայքարել առանց սխալվելու իրավունքի շռայլության, ինչն ինքնին երաշխիքն է ձախողման:

Դավիթ Քիրամիջյան