07.06.2018 12:02

Արսեն Գրիգորյան. Եկեղեցին իր էությամբ պետք է լինի ՄԻՊ Աստծո «անունից»

Արսեն Գրիգորյան. Եկեղեցին իր էությամբ պետք է լինի ՄԻՊ Աստծո «անունից»

Ամուսնացյալ քահանաները պահանջում են Ամենայն կաթողիկոսի հրաժարականը: Կարծես թե իրենց եկեղեցին է, իրենց կաթողիկոսը: Իրենք պահանջում են իրենց հոգեւոր առաջնորդի հրաժարականը: 

Այդ եկեղեցին վերջին տասնամյակում թաթախվել է բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ՝ Կճոյանի Բենթլին եւ օֆշորային պատմությունները հերիք են: Ոչ մի հոգեւորական Կճոյանի հրաժարականը չպահանջեց: Այդքան խոշոր ըմբոստություն ոչ մեկն իրեն թույլ տալ չէր կարող: Ցանկացած կիսաըմբոստ հոգեւորական անմիջապես կարգալույծ էր արվում կաթողիկոսի «աջով»: Կաթողիկոսն ինքն է փորել իր փոսը, երբ պետությունից անջատ լինելով՝ օրհնում էր ընտրակեղծիքներով նախագահ դարձածներին, երբ ցանկացած առիթով անբաժան էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանից: Կաթողիկոսը լուռ հավանության էր արժանացնում ինչ-որ հոգեւորականի այն միտքը, թե հայը, որը առաքելական եկեղեցում մկրտված չէ, հայ չէ: Կաթողիկոսը կրակի վրա յուղ էր լցնում, երբ հուշարձանագետի այն հորդորին, թե Սանահինի վանական համալիրը վերանորոգման կարիք ունի, հակադարձեց, թե ինքը «լեռներում գտնվող վանքերի հետ գործ չունի»: Կաթողիկոսն ինքն է «խնամքով» հասունացրել այս օրը:

Պետությունից անջատ եկեղեցու «զավակունք» այսօր «օգտվում» են քաղաքացիական պայքարի զինանոցից՝ պահանջում են հայոց եկեղեցու 132-րդ առաջնորդ Գարեգին Բ-ի հրաժարականը: Նրանից առաջ ընդամենը 10 կաթողիկոս է հրաժարվել գահից կամ գահընկեց արվել: Վերջին հրաժարվողը 119-րդ կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցին է՝ 1830 թվականին: Այսօր կաթողիկոս Գարեգին Բ-ն մանրամասն կլսի իր ընդդիմադիրներին, որոնք նրան մեղադրում են «ԿԳԲ-ի օգնությամբ» Լուսավորչի գահին տիրանալու մեջ: Քահանաները խնամքով ընտրել են այն տարածքը՝ Կաթողիկե եկեղեցու բակը, որտեղ կարող էին հրաժարական պահանջել: Այդ եկեղեցու տարածքում է Գարեգին Բ-ի երեւանյան նստավայրը:

Մեր եկեղեցին ինստիտուտ է, ինստիտուտ Աստծո անունից: Աշխարհի բոլոր կրոններն ունեն այդպիսի ինստիտուտներ: Մեր հոգեւորականները վերջապես հասկացան, որ եկեղեցին եւ հավատքը տարբեր հասկացություններ են: Վերջապես հրաժարականի պահանջի մեջ երեւում է աշխարհիկը, եւ որ սուրբ հոգին ոչ մեկին կաթողիկոս չի դարձնում: Այո, կաթողիկոսը պետք է լինի լեգիտիմ: Նրա ընտրությանը ոչ ոք չպետք է միջամտի: Բայց մեր եկեղեցու խնդիրներն այլ տեղ են: Գտնված չէ այն եզրը, որով պետք է միասնաբար քայլեն եկեղեցին ու պետությունը, որտեղ երկուսն էլ միմյանց գործերին խառնվելու իրավունք չունեն:

Հայաստանը մի պետություն է, որն իր էությամբ նման է Քրիստոսի միաբնակության փիլիսոփայությանը, այսինքն՝ երկու բնությունների միություն մեկ մարմնի մեջ՝ ազգային եկեղեցին եւ պետությունը մեկ կենսատարածքում: Եկեղեցում փող կա, որի վրա պետությունն իշխանություն չունի: Եկեղեցին ունի տնտեսություն, որն ինքնուրույն է վարում: Պետությունը ունի քաղաքացի, որը Առաքելական եկեղեցու հավատացյալ է (ոչ հավատացյալներին մոռանանք): Կաթողիկոսի ընտրությանը մասնակցում է նույնիսկ ոչ հավատացյալը՝ որպես Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ ամբողջ աշխարհի հայության անունից:

Պետության եւ եկեղեցու օրգանական միասնությունը խախտված է: Կաթողիկոսը միշտ խաղացել է պետության գործող իշխանությունների հետ: Մինչդեռ եկեղեցին իր էությամբ պետք է լինի «ՄԻՊ» Աստծո անունից: Եկեղեցուն պետք է խորթ լինի սոցիալական աստիճանակարգությունը: Եթե անգամ Աստված չկա, նրա դասերը կան եւ պատճառ են դարձել աշխարհի բոլոր կրոնների եւ հավատքի ուղղությունների ծնունդի: Այդ դասերը չեն բացառում հարուստի եւ աղքատի գոյությունը, բայց՝ եկեղեցուց դուրս: Կաթողիկոսի դեմ բողոքի ձայնը երեկ իր անարժեքությամբ եւ սահմանափակությամբ չէր զիջում կաթողիկոսի եւ իր շրջապատի սահմանափակ բովանդակությանը: Իսկ սա լավագույն հավասարությունը չէ: