07.06.2018 15:32

Լավրովի կարծիքով՝ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման լավագույն ձևաչափն է

Լավրովի կարծիքով՝ Մինսկի խումբը ղարաբաղյան կարգավորման լավագույն ձևաչափն է

Մինսկի խումբը շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լավագույն ձևաչափը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իր հայաստանցի պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունների արդյունքում:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցելու պատրաստակամությունը՝ կրկին հայտարարելով, որ պնդում է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը:

«Ռուսաստանյան դիրքորոշումն անփոփոխ է, այն միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, ինչին, Ադրբեջանի և այլ պետությունների հետ միասին, մասնակցում է նաև Հայաստանը: Մենք համոզված ենք, որ սա լավագույն ձևաչափն է»,- հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսում:

Ռուսաստանի ԱԳ ղեկավարը նաև հավելել է, որ Մինսկի խումբը և Մոսկվան՝ որպես երեք համանախագահներից մեկը (Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին), համատեղ անկողմնակալ գիծ են տանում այնպիսի պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք թույլ կտան, որ Բաքուն և Երևանը համաձայնության գան: Ընդ որում՝ նախարարը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերադարձի հնարավորությունը բանակցությունների սեղանի շուրջ, ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը չի ասել, թե Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները «պետք է» վերադառնան բանակցությունների սեղան: Լավրովն ընդգծել է. «Եթե կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկա լինի բանակցություններին, դա կլինի իրենց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»:

Փոխանցում է ria.ru-ն: