14.06.2018 11:46

Կլինի՞ «Հյուսիսային Մակեդոնիա», թե՞ ոչ

Կլինի՞ «Հյուսիսային Մակեդոնիա», թե՞ ոչ

Վաղեմի դիվանագիտական հակամարտության կարգավորման հույսերը փլվում են աչքի առաջ. Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովն սպառնացել է չստորագրել բալկանյան երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու պայմանագիրը: Ձեռք բերված փոխհամաձայնությունը չի բավարարում նաև Հունաստանին:

Երեքշաբթի Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետերը պայմանավորվել էին վերջ դնել անվանման վերաբերյալ վեճին, որն արդեն 27 տարի լարվածություն էր մտցրել երկու երկրների փոխհարաբերություններում և խոչընդոտում էր Մակեդոնիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: Հույները դժգոհում էին, որ հարևան բալկանյան պետությունը նույն անունն է կրում, ինչ Հունաստանի հյուսիսում՝ Մակեդոնիայի հարևանությամբ գտնվող հունական պատմական տարածքը՝ զգուշանալով հնարավոր տարածքային պահանջներից: Մինչդեռ Մակեդոնիան չի ուզում հրաժարվել այդ անունից, որ ընտրել է նախկին Հարավսլավիա պետության փլուզումից հետո:

Մակեդոնիայի նախագահը պայմանագիրն անվանել է հակասահմանադրական՝ ժողովրդին հասցեագրված ուղերձում հայտարարելով, որ մտադիր չէ այն ստորագրել: «Իմ դիրքորոշումը վերջնական է և ենթակա չէ որևէ սպառնալիքի կամ ճնշման: Ես չեմ պաշտպանի և չեմ ստորագրի մի պայմանագիր, որն այդքան վնաս է հասցնում», - ասել է Իվանովը:

Սահմանի մյուս կողմում ևս պայմանագիրը ոգևորություն չի առաջացրել: «Պատմական պայմանագրի» ստորագրման հաջորդ օրն իսկ ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը սպառնացել է երկրի խորհրդարանում վարչապետ Ալեքսիս Ցիպրասին անվստահություն հայտնելու հարց բարձրացնել:

Փոխանցում է BBC-ն: