14.06.2018 12:23

Մոսկվայում երեկ հանդիպել են Փաշինյանն ու Պուտինը

Մոսկվայում երեկ հանդիպել են Փաշինյանն ու Պուտինը

Երեկ Մոսկվա մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ըստ կառավարության մամլո ծառայության, Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: 
Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների: 

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով համագործակցության մեծ ծավալը, կարծում եմ՝ մեր հանդիպումները պահանջված են: Շնորհակալ եմ, որ Դուք ժամանել եք, և մենք հնարավորություն ունենք միջազգային մարզական միջոցառման շրջանակում խոսել երկկողմ գործերից»,- մասնավորապես ասել է Պուտինը: 

Փաշինյանն իր հերթին շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի օրվա և ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության կապակցությամբ եւ նշել. «դա համաշխարհային մասշտաբի շատ կարևոր ու մեծ միջոցառում է, և հիմա ողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի վրա: Շնորհակալ եմ հրավերի համար: Մենք առաջին անգամ հանդիպել ենք մեկ ամիս առաջ և այն հանգամանքը, որ 30 օր հետո կրկին հանդիպում ենք, կարծում եմ, ցույց է տալիս Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հատուկ բնույթը»: