16.06.2018 14:18

Մհեր Արշակյան. Ինչպե՞ս գազանանոցը դարձնել կենդանաբանական այգի

Մհեր Արշակյան. Ինչպե՞ս գազանանոցը դարձնել կենդանաբանական այգի

Երեւանի կենդանաբանական այգում տուբերկուլոզից մահացել կամ անկել են հազվագյուտ կենդանիներ՝ Դավթի եղջերու, կամերունյան այծ, լամաներ: Դեպքը հասարակությունից գաղտնի է պահվել: Այգու միջազգային կապերի պատասխանատուն զարմացել է լրագրողի տարակուսանքից, թե ինչու՞ եք դեպքը գաղտնի պահել: Նա ասել է՝ դուք ուզում եք ասել, որ ես հանրությանն ասեմ, որ, օրինակ, այսօր զեբրային ճիճվաթա՞փ եմ արել:

Այս կինը կամ աղջիկը հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել հարցին, նա ենթադրում է, որ 29 կենդանու մահը չի տարբերվում բծավոր կենդանուն ճիճվաթափ անելուց: Ոնց որ քրեակատարողականի պետին հարցնես կալանավայրերում եւ բանտերում հիվանդությամբ պայմանավորված մահերը թաքցնելու մասին, ինքը հակադարձի՝ ամեն թոքախտավորի մասին ես պիտի հաշիվ տա՞մ: Այո, պետք է հաշիվ տալ: Եթե Երեւանում տուբերկուլոզի օջախ կա, պետք է տեղեկացնես: Որովհետեւ դա վտանգավոր հիվանդություն է: Բժիշկները հաստատում են, որ վարակը տարածվում է նաեւ աէրոգեն՝ օդային ճանապարհով, ուստի պետք է զգույշ լինել: Եթե դա չհրապարակելու հիվանդություն է, ինչու՞ է վարակի տարածման վտանգի մասին զգուշացնում առողջապահության նախարարությունը:

Իրականում ինչու՞ չեն հրապարակել. որովհետեւ Դավթի եղջերուն Դավիթը չէ, այլ՝ եղջերու է, ու՞մ ինչ գործն է, թե իր վանդակի մեջ ով է սատկել: Էս «սատկել» բառը ցանկացած եղջերուի դարձնում է եղած-չեղած մի հաշիվ: Մինչդեռ Դավթի եղջերուն իմ հմայքն է, լամա տեսած մարդիկ կվկայեն, որ այդ կենդանին ինքն իրենով աշխարհի գեղեցկությունն է եւ նրա այդպես մահանալը մարդու օգտին չի խոսում: Նրան գիշատիչը չի հոշոտել, ինչը կարող էր նույնիսկ բնական լինել: Լամաները վստահվել են մարդուն: Եթե մարդը բավարար իշխանություն չունի հրաշքներ գործելու, որպեսզի նրանք ապրեն, գոնե բավարար պատասխանատվություն պիտի ունենար մյուս մարդկանց ասելու, որ կենդանաբանական այգում արտակարգ իրավիճակ է, ընկերներ: Այգու աշխատակիցը ակամայից ակնարկել է, որ կենդանիների արժանապատվությունը մարդու արժանապատվությունից բարձր չէ. եւ որ նրանք մարտի 1-ի զոհեր չեն, որպեսզի նրանց մահը դարձնեն հասարակության տագնապի թեմա:

29 կենդանի է մահացել: Կենդանիները սիրվում են, ինչպես՝ երեխաները: Սիրողը դրանից ոչ մի շահ չունի: Հենց այդպես ես սիրում եմ մեր բակի կատուներին: Ես էգին որձից չեմ տարբերում, եւ երբ կերակրում եմ նրանց, մտածում եմ, որ կերակրում եմ ձագուկներ ունեցող մորը: Ես փողոցային մի կատու եմ կորցրել: Պարզապես իմ՝ տնից դուրս գալու ժամանակ, եկավ ու մահացավ ոտքերիս մոտ: Ես խնամել էի նրան, նրա ձագերին, ձագերի ձագերին: Ես չեմ պարծենում: Ես ուզում եմ ասել, որ սերը բոլորին դարձնում է մարդ, նույնիսկ եթե դիմացինը ճիճու է, անձրեւորդ, խխունջ: Անձրեւոտ իրիկունները ես ոտքերիս տակ նայելով եմ քայլում, որ խխունջներ «չպայթեն»: Դա իմ շնորհակալությունն է բնությանը, որ նրանք կան: Ես այլ կերպ չեմ կարող ցույց տալ, թե ինչքան եմ սիրում բոլորին, որոնք իրենց պաշտպանել չեն կարող մարդկանց աշխարհում:

29 կենդանու մահը ողբերգություն է, ես ուզում եմ, որ դուք ցույց տաք, որ տեղի ունեցածը ողբերգություն է, որպեսզի մարդը դառնա ցավակից եւ ոչ թե մտածի իր մասին, թե ինչպես շրջանցի կենդանաբանական այգին, որ հանկարծ կենդանիների վարակը չկպչի իրեն: Այդ ցավակցությունը աշխարհի բոլոր գազանանոցները դարձրել է կենդանաբանական այգիներ: Ես ուզում եմ, որ կենդանաբանական այգու աշխատակիցը գթության քույր լինի, ոչ թե աշխատավարձով ապրող դայակ: Աշխատավարձը լինելու է, բայց ինչքա՛ն ավելի գեղեցիկ է, երբ քո բնական սերը վարձատրվում է ոչ միայն ապրող բնությամբ, այլեւ՝ փողով: