18.06.2018 09:30

Սերժը գնաց, բայց միշիկական «մուտիլովկաները» շարունակվում են

Սերժը գնաց, բայց միշիկական «մուտիլովկաները» շարունակվում են

Երեկ 1in.am կայքում ոմն Գառնիկ Գևորգյանի ստորագրությամբ լույս է տեսել մի հոդված, որում փորձ է արվում ներկայացնել, թե իբր Վանո Սիրադեղյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու հարցում առաջամարտիկի դեր է ստանձնել միայն Արարատ Զուրաբյանը, իսկ Կոնգրեսը և Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես անտարբեր են: Այստեղից հոդվածագիրը եղկելի ջանադրությամբ հեռուն գնացող շինծու եզրակացություններ է անում՝ իբրև թե Վանո Սիրադեղյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև գոյություն ունեցող խոր հակասությունների մասին:

Նախ, միանգամից հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը եղել է առաջին մարդը, ով 1999 թվականին, Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու խորհրդարանական նիստի օրը, հանդես եկավ հայտարարությամբ` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին համեմատելով Վիշինսկու հետ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հովսեփյանը Սիրադեղյանին ծանրագույն մեղադրանքներ էր ներկայացնում՝ հիմնվելով բացառապես դատախազության հետ գործարք կնքած մեկ պրովոկատորի ցուցմունքի վրա:

Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանի ներկայիս ակտիվությանը, այդ առիթով էլ հիշեցնենք մի այլ դրվագ: Արարատ Զուրաբյանը, որը Հայ Ազգային Կոնգրեսի հարյուրավոր քաղբանտարկյալներից էր, ազատ արձակվեց բանտարկությունից ընդամենը չորս ամիս անց, այն էլ` Երևանում ԱՄՆ դեսպանատան մի զեկուցագրի տվյալներով, Սամվել Նիկոյանի (նույնն է, թե Աղվան Հովսեփյանի և Սերժ Սարգսյանի) միջնորդությամբ (https://wikileaks.org/plusd/cables/08YEREVAN794_a.html): Հասկանալի է, որ այդ միջնորդությունն առանց Արարատ Զուրաբյանի հետ կնքված գործարքի չէր կարող լինել, իսկ գործարքի էությունը Կոնգրեսը պառակտելու հատուկ հանձնարարականն էր, ինչին և վերջինս լծվեց ազատության մեջ հայտնվելուց մի քանի ամիս անց: Նրա պառակտիչ գործունեությունն ավելի ակնհայտ դարձավ շուրջ մեկ տարի հետո, այն էլ՝ այն աստիճանի, որ Վանո Սիրադեղյանը, զգալով իրողությունը, իր աքսորավայրից Արարատ Զուրաբյանին հղեց հետևյալ նամակը.

«Արո, մի՛ խանգարի շեֆին: Հիշիր, որ կազմակերպության լիդերը ինքն է եղել, ես էլ, դու էլ տեղակալներ ենք ընդամենը:

Հո լավ ես հասկանում, որ պառակտվում է ՀՀՇ-ն: Այդ անվանարկիչ, անփառունակ դերից հրաժարվիր ամեն կերպ, անգամ քեզ ճղելով:

Էլ չեմ ասում Կոնգրեսի պառակտման մասին, ինչը կհետևի առաջին պառակտմանը: Որից հետո երկար տարիներ ոչ մի լուրջ օպոզիցիա չի լինելու Հայաստանում:

Նաև հիշիր Վազգենի ճակատագիրը, որին թվում էր բարի, ազգաշահ նկատառումներով է լքում իր քաղաքական թիմը: Եվ ի՞նչ ստացվեց... Եվ ի՞նչ ստացանք: Քո ավագ ընկեր` Վանո:

Հ.Գ. Խնդրում եմ, մի՛ ծանրացնի իմ` առանց այն էլ ծանր հոգեվիճակը: 13.06.2010»:



Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Իսկ այժմ Վանո Սիրադեղյանի ճակատագրի մասին: Ոչ մի կասկած չկա, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ գործադրված ստոր հալածանքը Ռոբերտ Քոչարյանի գավառական քինախնդրության արդյունք էր` իրականացած Աղվան Հովսեփյանի ձեռքով: Լիապես վստահ ենք, որ շուտով Սիրադեղյանը վերադառնալու է Հայաստան, բայց ոչ թե Արարատ Զուրաբյանի կեղծ բաժակաճառերի շնորհիվ, այլ ներկայիս Հայաստանում արդարության վերականգնման և Աղվան Հովսեփյանի հանցավոր գործունեության բացահայտման արդյունքում:

iLur.am