18.06.2018 12:00

Աղմկոտ ձերբակալություններ, զինվորի ուտելիքը գեներալի պահեստում

Հանգստյան օրերին Էջմիածնում իրադարձությունները զարգացան ավելի քան արագ եւ անսպասելի:

ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցների եւ նրա հրաժարականը պահանջող Դոն Պիպո մականունով հատնի Արթուր Ասատրյան քրեական հեղինակության կողմնակիցների մի քանի օր շարունակվող հակընդդեմ ցույցերն ավարտվեցին ձերբակալություններով: Հունիսի 16-ին ԱԱԾ-ն ձերբակալեց Մանվել Գրիգորյանին եւ Արթուր Ասատրյանին:

ԱԱԾ-ն առաջին օրը տարածեց այսպիսի հաղորդագրություն.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, 2018թ. հունիսի 16-ին  Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող «Դոն Պիպո» մականունով Արթուր Ասատրյանի կողմից, իր դեմ սպանություն նախապատրաստող անձանց հնարավոր առևանգելու փաստի առթիվ քննվող քրեական գործով խուզարկություններ են իրականացվել Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի  արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք: Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով  («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ:

ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: 

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Քանի դեռ ձերբակալության պատճառները միայն զենք ու զինամթերքն էր համարվում, ՀՀԿ-ն շտապեց հայտարարել, թե Գրիգորյանի ձերբակալությունը «պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է»:

«Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման, այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար»,- ասված էր ՀՀԿ պաշտոնական հայտարարության մեջ:

Մանվել Գրիգորյանի փաստաբանները բողոքարկեցին նրա ձերբակալության մասին որոշումը, սակայն, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժեց փաստաբանների բողոքը:

Նույն օրը Մանվել Գրիգորյանի մի խումբ կողմնակիցներ բողոքի ցույցեր սկսեցին՝ պահանջելով ազատել Գրիգորյանին եւ նրան ձերբակալողներին հռչակեցին թուրք:

Սակայն, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ:

Նախ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանրության հետ խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն զենք ու զինամթերք պահելու հետ:

«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի եւ կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ»,- հայտարարեց Փաշինյանը:

Քիչ անց ԱԱԾ-ն հրապարակեց Գրիգորյանի ձերբակալության մասին տեսանյութը եւ պարզ դարձավ, որ Գրիգորյանին պատկանող տարածքներում կուտակված էին ապրիլյան պատերազմի ժամանակ քաղաքացինորի կողմից զինվորներին ուղարկված մեծաթիվ օգնություն՝ սկսած խտացրած կաթից, վերջացրած մեքենաներով:

Ամենատարօրինակն այն էր, որ բազմաթիվ տուփերի մեջ մնացել էին քաղաքացիների՝ 2016-ի ապրիլին ուղարկած օգնությունների հետ զինվորներին ուղղված նամակները:

Գրիգորյանին պատկանող տարածքում նաեւ հայտնաբերվեցին բացառապես ժամկետային զինծառայողների համար արտադրվող ուտելիք՝ «Զինվորի համար» գրություններով:

Էջմիածնի ցույցերն ավարտվեցին Կարեն Գրիգորյանի հրաժարականով:

Մանվել Գրիգորյանի փաստաբանն Հրանտ Անանյանն էլ  հրաժարվեց նրա պաշտպանությունից:

«Երեկ Վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,- հայտարարել է փաստաբանը։

Այսօր արդեն աղմկահարույց երկու ձերբակալությունների մասին ԱԱԾ-ն հանդես եկավ երկու նոր հայտարարություններով, որոնք ներկայացնում ենք ստորեւ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հանցավորության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ՀՀ Քր. օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ս.թ. հունիսի 16-ին խուզարկություն է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված վերջինիս պատկանող առանձնատանը:

     Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

     Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր… թե ինչու էր այս ամենը հայտնվել Արցախի հերոսի Ակնալճի հանգստյան գոտում, կպարզի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը՝ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի, երկրորդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս և բանջարեղեն, անգամ հիգիենայի պարագաներ, զուգարանի թուղթ, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում: Խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի կամ այլ կարիքների համար օգտագործման:

     Ուշագրավ է նաև Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերված և առգրավված ռազմամթերքը: Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

     Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Ուշագրավ էր նաև այն, որ հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մ.Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

     ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

     Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ընթացքի և արդյունքների մասին կհրապարակվեն հավելյալ տեղեկություններ: 

 

***

Ինչպես արդեն իսկ հաղորդվել էր, 2017 թվականի մայիսի 23-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ և ՌԴ քաղաքացի՝ «Դոն Պիպո» մականվամբ Արթուր Օնիկի Ասատրյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ։ Նշված հանցագործության մեջ մեղադրված 4 անձանցից 3-ը նախաքննության սկզբնական փուլում հայտարարել էին, որ 2017 թվականի մայիսի 21-ին առևանգվել և 3 օր ապօրինի պահվել են Էջմիածին քաղաքի տարբեր տարածքներում, այնտեղ ծեծի են ենթարկվել, իրենցից պահանջել են խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։

     2017 թվականի հունիսի 1-ին վերը նշված անձանց առևանգման դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ։ Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առևանգման փաստը հաստատող որոշակի տվյալներ, այդ թվում՝ առևանգվածներից մեկի բջջային հեռախոսում հայտնաբերվել էր տեսագրություն, որից երևում է, որ անազատության մեջ պահվող անձանցից առևանգողները սպառնալիքներ հնչեցնելով պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ընդ որում հարցադրումները կատարվել են Պիպո անունով հանդես եկող անձի կողմից։

     Սպանության նախապատրաստության մեջ մեղադրված և առևանգված վերը նշված անձանց վարույթն իրականացնող մարմինը բազմիցս առաջարկել է մանրամասն ցուցմունքներ տալ առևանգման հանգամանքների, կատարողների և կազմակերպիչների վերաբերյալ, սակայն ինչ-ինչ պատճառներից դրդված նրանք ձեռնպահ են մնացել ցուցմունքներ տալուց և քննչական գործողություններին մասնակցելուց։

     Չնայած այդ հանգամանքին, սպանության նախապատրաստության դրվագով գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց հետո էլ առևանգման մասով շարունակվել են ակտիվ քննչական գործողությունները, ինչպես նաև ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ 2018թ. հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։

     Արթուր Ասատրյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։

     Գործի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմինն այսօր էլ ակնկալում է, որ առևանգված անձինք այնուամենայնիվ սպառիչ ցուցմունքներ կտան կատարվածի վերաբերյալ։

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն