19.06.2018 15:35

Քրիստինե Խանումյան. Իսկ նրանք ոչինչ չգիտեին

Քրիստինե Խանումյան. Իսկ նրանք ոչինչ չգիտեին

Նրանք տեղյակ չէին: Նրանցից ոչ մեկը ոչինչ չգիտեր: Նրանք ապշած են: Նրանք կարկամած են: Նրանք համաձայն են ու կոչ են անում, որ արդարադատությունը հաղթի: Նրանք ասում են, որ կապ չունեն այդ ամենի հետ: Նրանք գեներալ Մանվելի արածների հետ առնչություն չունեն: Իրենք գեներալ Մանվել չեն: Իրենք՝ հանրապետականները, նախկին պաշտոնյաները: Ոչ մեկը ոչնչից տեղյակ չէ: Մանվել Գրիգորյանն ինքն իրենով՝ մենակ, մեն-մենակ վերցրել է զենքերը, զինամթերքը, բանակի հասանելիքը, զինվորների հասանելիքը, ու տարել տուն: Վերցնելիս չեն տեսել, տանելիս չեն տեսել, պակասը չեն տեսել: Կասկածներ չեն ունեցել: Թղթերով ամեն ինչ նորմալ է եղել: Նամակները փոքր են, դրել է գրպանը տարել, «տուշոնկաներն» էլ փոքր են, դրանք էլ գրպանն է դրել ու տարել:

Շտապօգնության մեքենան էլ էր փոքր, դա էլ է դրել գրպանն ու տարել: Ու դրա համար էլ ոչ մեկը չի տեսել, թե ինչպես է տանում: Էնքան փոքր է էդ մեքենան, որ բացակայությունը չեն նկատել: Ոչ մեկը ոչինչ չի իմացել, ոչ մեկը ոչինչ չի նկատել: Իշխանության մեջ բոլորն անմեղ էին, բոլորն՝ անտեղյակ:

Անտեղյակների պետության մեջ ենք ապրել: Զուգահեռ աշխարհում: Սեյրան Օհանյանը խոսում է, ու պարզվում է՝ ի՞նչ, մի հիանալի «անձնավորուչուն», ՊՆ-ին առնչվող որ քրեական գործից հարց են տալիս,ասում է՝ տեղյակ չեմ եղել: Ու պատերն ամոթից չեն հարցնում՝ եթե, քո խոսքով՝ դու ոչնչից տեղյակ չես եղել երբեք, եթե չես իմացել, թե ինչ են անում քո ենթակաները (իբր), ապա դու ինչպե՞ս էիր մի ամբողջ զորք ղեկավարում:

Սեյրան Սարոյանն էլ ոչնչից տեղյակ չի եղել: Ամբողջ երկիրը խոսել է, մամուլը տարիներով գրել ու գրել է, ինքը մշտապես Մանվել Գրիգորյանի հետ եւ ԱԺ էր գնում, եւ քեֆ էր անում, եւ ընկերություն էր անում, տուն գնալ-գալ կար, բայց, մեկ է՝ ոչնչից տեղյակ չի եղել, չի լսել մարդկանց ահազանգերը, չի տեսել, չի կարդացել: Ու այդ պատճառով էլ էսօր զարմացել է:

Ու ընդհանրապես, զարմացել են, որ փոքր գողություն է արել, իրավական հարցերը՝ հեչ, կոռուպցիոն սխեմաները՝ հեչ, զենքը, փողը, ահաբեկումները, ամենը՝ հեչ, դա գեներալին/գեներալներին/իշխանություններին սազական է, որովհետեւ իրենց «կլասը» բարձր է, իրենք սխեմաներով են միայն գողանում, ոչ թե հատով կամ տուփով: Դրանից են զարմացած, որ համ էլ հատով է գողացել, ոչ թե՝ որովհետեւ աշակերտների նամակները զինվորին չեն հասել:

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ տեղյակ չի եղել ոչնչից, թեեւ մի ամբողջ իրավապահ համակարգ է ղեկավարել: Փաստերն ամեն օր իրենց ոտքով եկել իր դեմը շքերթով անցել-գնացել են, դեֆիլե են արել, բայց ինքը չի նկատել, համառորեն որեւէ բան չի իմացել, եւ մի անգամ նույնիսկ մտքով չի անցկացրել, որ կարելի է քրեական գործ հարուցել: Որեւէ դրվագով: Մեկ հատիկ դրվագով: Ու հետո դեռ զարմանում կամ զայրանում ենք, երբ սույն պարոնն ասում է, թե մարտիմեկյան սպանդը չի բացահայտվել, քանի որ վկաներ չկային:

Հանրապետականներն առանձին ու միասին՝ համատեղ հայտարարությամբ զարմացած են: Ողջ աշխարհի պաթոսը շալակներն առած՝ հայտարարություն են արել, դատափետում են, լացում են՝ ինչպես Սունդուկյանի պիեսների հերոս կանայք, եւ ողջ այս հնդկական կինոյի արանքում փորձում են միայն մի բան անել՝ դիստանցվել. ինքը վատն է, ինքն է վատը, մենք կապ չունենք:

ՀՀԿ-ականների, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության գալու ու մնալու անփառունակ հաղթանակների հանդեպ նրանք բոլորը կոլեկտիվ պատասխանատվություն ունեին, եւ բարիքների հանդեպ էլ պատասխանատվությունը կոլեկտիվ էր: Պնակը լիքն էր ու անվտանգ, եւ հետեւաբար՝ մոտիկ էին մնում ու անտեղյակ ձեւանում, իբր թե մեկը մյուսին չի տեսնում, իսկ այսօր՝ վտանգ կա, եւ հետեւաբար՝ կոլեկտիվ պատասխանտվություն չկա, մոռանալով, որ հանցագործը միայն բուն հանցանքը կատարողը չէ, այլեւ՝ իմացող-չհայտնողն ու օգնող հանցակիցները:

Այնպես որ, Մանվել Գրիգորյանի հետ ամեն բան պարզ է: Հանրությանը հանցակիցներն են հետաքրքրում: Ուրանալ-չքմեղանալ-չիմացող ձեւանալը հանցանքի պատասխանատվությունից չի ազատի: Հասարակությանն արդեն մյուս հանցագործներն են հետաքրքրում, որոնցից շատերը հնարավոր է՝ այսօր զարմացող-չքմեղացողների շարքում են:

Էս մի բանն իմացանք, ովքե՞ր են հաջորդը: