19.06.2018 18:28

Նավալնին կոչ է անում փողոց դուրս գալ՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման

Նավալնին կոչ է անում փողոց դուրս գալ՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման

Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստանում բողոքի ցույցեր անցկացնելու մասին՝ ընդդեմ թոշակային ռեֆորմի:

«Սա համազգային և համաժողովրդական բողոք է: Մենք բոլորին կոչ ենք անում մասնակցել բողոքի ցույցերին՝ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման, անկախ քաղաքական հայացքներից ու նախապատվություններից: Մեզ համար միևնույն է, թե երեկ դուք ում օգտին եք քվեարկել: Փողոց դուրս եկեք այսօր, հակառակ դեպքում վաղը չեք ապրի մինչև թոշակի տարիքը», - սոցցանցում գրել է Նավալնին:

Բողոքի ցույցերը նախատեսված են հուլիսի 1-ին, Ռուսաստանի 20 քաղաքներում՝ այն քաղաքներում, որտեղ ֆուտբոլի առաջնության խաղեր չեն անցկացվում:

Հունիսի 14-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն առաջարկում է բարձրացնել թոշակային տարիքը. կանայք թոշակի կանցնեն 63 տարեկանում՝ ներկայիս 55-ի փոխարեն, տղամարդիկ՝ 65-ում՝ ներկայիս 60-ի փոխարեն:

«Եկեք ազնվորեն արձանագրենք. թոշակային տարիքի բարձրացումը, որ նախաձեռնել են Պուտինն ու Մեդվեդևը, իսկական հանցագործություն է: Մի քանի տասնյակ միլիոն մարդու սովորական թալան՝ «հասունացած փոփոխության» անվան տակ: Մենք պայքարելու ենք դրա դեմ ամբողջ թափով, և ձեզ էլ կոչ ենք անում միանալ այդ պայքարին», - ասել է Նավալնին:

Փոխանցում է BBC-ն: